Վարդան Հարությունյան. Պարոն Պրեսկոտ, հրաժարվեք համազեկուցողի մանդատից

Վարդան Հարությունյան. Պարոն Պրեսկոտ, հրաժարվեք համազեկուցողի մանդատից
Հարգելի պարոն Պրեսկոտ: Մամուլից տեղեկացանք, որ Դուք` լինելով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, լրագրողներին ասել եք, որ հրաժարվում եք խոսել Հայաստանի եւ հայաստանյան բանտերում գտնվող քաղբանտարկյալների մասին:



Մեր ուշադրությունը գրավեց, ոչ թե Ձեր խոսելուց հրաժավելը, ինչն անկասկած, Ձեր իրավունքն է, այլ այն պատճառաբանությունը, թե ինչու եք հրաժարվում: Դուք ասել եք. «Ես համազեկուցող եմ, պետք է զեկույց պատրաստեմ: Երբ հանդիպում եմ իշխանությունների հետ, նրանք դժգոհում են, որ իրականությունը չեմ ներկայացնում: Երբ հանդիպում եմ ընդդիմության հետ, նրանք են ասում, որ իրականությունը չեմ ներկայացնում»:



Դուք փաստորեն ընդունում եք, որ էապես կախված եք հայաստանյան իշխանությունների եւ ընդդիմության իրարամերժ կարծիքներից: Այնինչ ԵԽԽՎ մանդատը Ձեզ տրված է ոչ թե ընդդիմության կամ իշխանության կարծիքներից կախված լինելու կամ դրանցից վախենալու , այլ` հայաստանյան իրականությունը ուսումնասիրելու, ազատորեն սեփական կարծիքն արտահայտելու եւ այն անաչառ կերպով ԵԽԽՎ-ին  ներկայացնելու համար: Ձեր այս խոսքերից ավելի քան պարզ է դառնում, թե ինչու այս 2,5 տարին այդպես էլ բավարար չեղավ ԵԽԽՎ կողմից հայաստանյան կեղծված ընտրությունների միանշանակ դատապարտման եւ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համար: Դուք փաստորեն զբաղված եք եղել ոչ թե համազեկուցողի մանդատից բխող խնդիրները լուծելով, այլ` հայաստանյան ընդդիմության եւ իշխանության միջեւ խուսավարելով:



Պարոն Պրեսկոտ



Քանի որ Դուք հայաստանյան ընդիմության եւ իշխանության ճնշումներից ձերբազատվել չեք կարողանում, մենք Ձեզ հորդորում ենք հնարավորինս շուտ հրաժարվել Հայաստանի հարցերով համազեկուցողի մանդատից: Գուցե այն Ձեր հրաժարականից հետո փոխանցվի շատ ավելի անկախ ու անաչառ պատվիրակի, ով մի կողմ դրած հայաստանյան ընդդիմության եւ իշխանության իրարամերժ շահերը, կկարողանա հայաստանյան իրականությունն անաչառ կերպով ներկայացնել ԵԽԽՎ-ին, ինչն էլ հենց պահանջում է համազեկուցողի մանդատը:



Իրավունքի եւ ազատության կենտրոն  հ/կ

Նախագահ`  Վարդան Հարությունյան