Երկու ոսկոր

Երկու ոսկոր
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այս օրերին հանդիպումներ է ունենում Հայաստանի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման հաղորդագրության մեջ հստակ նշված էր, որ պրն Յագլանդին առավելապես հետաքրքրում է երկու հարց՝ կալանավորված անձանց եւ մամուլի ազատության: Ահա այս երկու հարցն է, որ դարձել են մեր երկրի աքիլեսյան գարշապարը, այն ոսկորը, որ մնալու է իշխող վարչախմբի կոկորդում, այն փորձաքարը, որին բախվելով՝ տանուլ են տալու ամեն ինչ, այդ թվում՝ իշխանությունը: Այս երկու խնդրով են պայմանավորված երկրի ժողովրդավարության մակարդակն ու պետությունների եվրոպական ընտանիքի անդամը լինելու հանգամանքը: Երբ մեր բանտերում քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք կան, եւ մամուլն իշխանական մամլիչի տակ է, մենք չենք կարող աշխարհին մատնացույց անել մեր հարեւանների ոչ ժողովրդավար լինելը: Երբ դու սեփական քաղաքացիներիդ, ասենք, հայաստանյան առաջատար թերթի խմբագրին պահում ես բանտում, քո հարեւանից չես կարող պահանջել, որ ընդունի 1915 թվին իր պապերի կողմից կատարված ցեղասպանության փաստը: Երբ դու ամենահեղինակավոր հեռուստաընկերությանը զրկում ես եթերից եւ 8 տարի շարունակ ձեւական մրցույթներով մերժում նրան կապուղի տրամադրելու հայտը, անգամ այն բանից հետո, երբ եվրոպական բոլոր կառույցներն ու Եվրադատարանը դրա վերաբերյալ որոշում են կայացնում, դու չես կարող պահանջել, որ հարեւանդ հարգի քո հայրենակիցների ինքնորոշվելու իրավունքը: Այնպես որ, այս արեւի տակ ամեն ինչ փոխկապակցված է՝ ֆաշիզմը ֆաշիզմ է ծնում, ատելությունը՝ ատելություն: Եվ քո աչքի գերանի ու դիմացինի աչքի շյուղի մասին պատմությունը ամենաիմաստուն պատմություններից մեկն է: