Լյոխ լյավ ա, համա...

Լյոխ լյավ ա, համա...
Սեպտեմբերյան աշխատանքային շոգ օր էր: Աշխատասենյակում յուրաքանչյուրս իր սեղանին կամ համակարգչին հակված գործ էր անում: Օրվա հանգիստ ժամն էր, գնացող-եկող գրեթե չկար, ձեռքի հեռախոսներն էլ էին լուռ: Անդորր էր: Հանկարծ սենյակի դուռը կիսով չափ բացվեց, մի անծանոթ գլուխ դռան ճեղքից հեւալով բարձր-բարձր հարցրեց:

- Տղեք, մի պյաժակ սառը ճյուր կտա՞ք, խըմըմ:



Բոլորս սեւեռվեցինք նրա վրա: Հրավիրեցինք ներս: Տարեց, աշխույժ տղամարդ էր, տեսքը` թափթփված: Սառը ջուր տվեցինք, խմեց, հովացավ, շունչը տեղն եկավ: Չէր շտապում, մի քանի բարի մաղթանքներ ասաց:  Հարցրինք՝ «որտեղացի՞ ես»: «Շուշացի եմ»,- հպարտ բարձրաձայնեց նա: Մեր հարցին, թե կյանքը ո՞նց է «Շուշայում», ոգեւորված պատասխանեց. «Լյավ ա, լյավ ալ ապրում ին, համա վխցած ին, մեկ էլ տեհար փախան-էկան»: Մեր հետաքրքրությանն արդեն սահման չկար: «Ինչքա՞ն ապրող կա «Շուշայում»,- հարցրինք: Պատասխանը կտրուկ չէր: Մի քիչ մտածեց ու թիվ կրակեց՝ «հարիր վաթսուն հազար»: Մեր հյուրը հաստատ բլեֆ էր անում կամ էլ, որպես ագիտատոր, ինչ-որ մեկի նկարած թիվն էր գովազդում, ասենք` սոցիոլոգ, վերջերս էլ տղամարդու հոգեբան-գինեկոլոգ դարձած Ահարոն Ադիբեկյանի: Զգաստացած վրա տվեցինք. «Հաստա՞տ 160 հազար, թե մի տեղից լսել ես...»: Մեր «ագիտատորն» էլ լրջացավ, զգաց, որ թիվը կուլ չենք տվել: Խոսքը կարճ կապեց՝ «վերջը լյավ կլնի», ու արագ դուրս եկավ սենյակից:



Կրակած թվից ուշքի չէինք գալիս: Լավ ենք հիշում. ամբողջ Ղարաբաղում հայությունը ամենաշատը 145 հազար էր, 40 հազարն էլ ադրբեջանցիներ էին: Հիմա ադրբեջանցի չկա, հայությունն էլ հազիվ կեսը լինի:



Մի բան ճիշտ էր «ագիտատորի» ասածի մեջ. «վխցած ին», բայց... ոչ միայն Շուշիում: Գուցե մեր «ագիտատորը» հենց այդ «վխցած» ու նոր փախստական դառածների՞ց է...: Վախենալու պատճառները լուրջ են: Վերջերս էր, երկու ամսում 11 հայ զինվոր սպանվեց Ղարաբաղում: Բախտները բերեց, որ բոլորն էլ հայաստանցիներ էին: Սպանություն, ասենք թե ինքնասպանություն` էական չէ: Երիտասարդներ են անտեղի կյանքից հեռանում: Իհարկե վախենալու է, երբ կորուստները շարունակվում են: Երեւի Ռոբերտ Քոչարյանը կանխատեսել էր իր բռնած գործի վերջը, դրա համար էլ 10 տարիների ընթացքում հասցրեց մոտ 15 հազար իրեն պետքական ղարաբաղցիներ բերել Երեւան ու տեղավորել, իսկ մնացածներին թողեց իրադրության սրման դեպքում իրենց ոտքով գան, իրենք իրենց գլխի ճարը տեսնեն:



Մեր «ագիտատորը» հավանաբար այդ մնացածներից էր: Եկել ու փորձում էր տեղավորվել: Հեշտ գործ չէ, նպատակն էլ շատ լուրջ է, ինքն էլ` խիզախ, ճարպիկ ու վստահ, որ կստացվի, որովհետեւ ԼՂՀ իշխանությունը հիմա Երեւանում է իշխանություն: Ամենահարուստն էլ ղարաբաղյան կլանն է: Միայն նա չի գտել Երեւանում ոտի տեղը պնդացնելու ձեւը` «Մի բաժակ ջուր կտա՞ս, թե չէ էնքան սոված եմ, որ չգիտեմ գիշերը որտեղ եմ մնալու»:



Մեզ մոտ մի բաժակ ջուր տվեցինք: Այլ հիմնարկներում «ագիտատոր» կխաղա` ջուր էլ կտան, փող էլ կտան: Տեղը պնդացավ թե չէ` կապերը կամրապնդի ղարաբաղյան կլանի հետ: Ո՞վ չգիտի նրանց՝ Զորի Բալայան, Կիմ Բալայան, Սամվել Բաբայան, Արկադի Ղուկասյան, Միխայիլ Բաղդասարով, երիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյան, Սաշիկ, Լեւոն Սարգսյաններ...: Պետք լինի Ռուսաստան փախչել` Մոսկվայում դեսպան Օլեգ Եսայան կա: Նրանց միջոցով էլ առանձնազրույց կհաջողացնի Սերժիկ Սարգսյանի հետ: Մեկ հանդիպումն էլ բավարար կլինի հատուկ քաղաքական դիրքորոշում ստանձնելու համար: Հետո կուսակցական կդառնա, պաշտոն կստանա, տուն-տեղ կունենա, տնեցիներին կտեղափոխի Երեւան: Այսքան չարչարանքներից, ձեռքբերումներից հետո ամոթ էլ է քաղաքական, պետական գործիչ չդառնալ: Արդեն երեւանցի է: Աշխարհաքաղաքացի դառնալու համար` Զորի Բալայանը, Ֆիլիպ Կիրկորովը քեզ վառ օրինակներ:



Սա մի գործընթաց է, որով լուծվում է թե մի բաժակ ջրի խնդիրը, թե 1998-ից ի վեր ղարաբաղյան հիմնախնդիրը, թե Հայաստանի Հանրապետության վաղվա տեսլականը: Արդեն 12 տարի է, ինչ ԼՂՀ-ին, Հայաստանին պատճառվող կորուստները շարունակվում են: «Լյոխ լյավ ա, համա լյացս կյամ ա» եզրակացությամբ ամփոփեցինք մեզ այցելած «շուշացուց» ստացած տպավորությունը:



Մարտին եւ Արամայիս

ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ