ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն այս անգամ չվիճեցին

ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն այս անգամ չվիճեցին
Էրեբունի-Երեւան տոնակատարությունից խորապես տպավորվել է հատկապես Երեւանի ավագանու խորհրդի անդամ Հրաչ Պողոսյանը: Այն աստիճան, որ Երեւանի ավագանու խորհրդի ուրբաթ օրվա նիստի հարց ու պատասխանի ժամանակ մայրաքաղաքի խնդիրները մի կողմ  թողած՝ կարեւորեց այդ միջոցառման վերաբերյալ գնահատականներ հնչեցնելը: Դիմելով ներկաներին ասաց, որ գնահատականի խոսքեր ասեն այդ միջոցառման վերաբերյալ. «Կարծում եմ, որ ավագանին պետք է գնահատական տա տոնակատարության անցկացման համար, քանի որ այն գերազանց կազմակերպվեց եւ երեւանցիները պետք է շատ գոհ լինեն: Ես կարծում եմ, որ վատ չի լինի, որ մենք ավագանու կողմից քննարկենք այդ գերազանց միջոցառումը, որը կազմակերպվեց քաղաքապետարանի ջանքերով»:



ՀՀԿ անդամի սրտի ցանկությունն առանձնապես ուշադրության չարժանացավ, միայն երկրորդ անգամ պնդելուց հետո մի քանի կուսակիցներ մի թեթեւ ծափահարեցին: Հրաչ Պողոսյանի կարծիքով՝ երկրորդ անհապաղ լուծման կարիք ունեցող հարցը վերաբերում էր Սովետական Միության օրոք կառուցված հինգհարկանի շենքերում վերելակ տեղադրելուն: Նա անհանգստացած էր այս շենքերում ապրող հաշմանդամ մեծահասակների բարձրանալ-իջնելու խնդրով, սակայն այս հարցին ոչ ոք, նույնիսկ Երեւանի ամենակարող ճարտարապետ Սամվել Դանիելյանը չկարողացավ դեղատոմս առաջարկել:



Ի տարբերություն ՀՀԿ-ական անդամների, ԲՀԿ-ականները հարց ու պատասխանի էին եկել մայրաքաղաքի կենցաղային խնդիրներով բեռնված՝ աղբահանությունից մինչեւ երթեւեկություն: Նիստը վարող Տարոն Մարգարյանը դիսկուսիայի մեջ չէր մտնում եւ  բոլոր հարցերին փորձում էր որեւէ բացատրություն տալ: Օրինակ, տեղում լուծում ստացավ մարաշցիների երթեւեկության հարցը: Երբ ԲՀԿ-ականները բողոքեցին, թե ժամը 8-ից հետո Մարաշ տրանսպորտ չի աշխատում, համայնքապետ Վարազդատ Մկրտչյանը հաստատեց եւ դեռ ավելացրեց, որ «109 համարը սկի չի էլ աշխատում»:



Փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանն իսկույն խոստացավ ետ վերցնել երթեւեկությունը կազմակերպող ընկերությունների լիցենզիաները՝ ոչ պատշաճ սպասարկելու համար: Առաջ քաշվեց նաեւ Էրեբունի  վարչական շրջանի ավտոշուկայի պատճառով առաջացած անտանելի խցանման թեման, որի լրջությունը պատկերավոր ներկայացնելու համար ԲՀԿ ֆրակցիայի նախագահը մի ահասարսուռ դեպք պատմեց. ««Էրեբունի» բժշկական կենտրոնը գտնվում է Նուբարաշենից  5 կմ հեռավորության վրա:



Կիրակի օրը ահազանգ է եղել շտապօգնություն, մեքենան 40-50 րոպե մնացել է խցանման մեջ եւ հազիվ է հասցրել մոտենալ տվյալ բնակչին, կոպիտ ասած, կյանքը փրկելու համար, եւ հազիվ հասցրել է հիվանդանոց»: Այս պատմությունը ակնթարթային ազդեցություն ունեցավ փոխքաղաքապետի վրա, նա երկրորդ անգամ խոստացավ, որ այս հարցին անպայման լուծում կտան՝ դիմելով համապատասխան մարմիններին: Հակառակ սովորության՝ այս մի նիստն ավարտվեց առանց արտառոց հայտարարության ու միջադեպի: