«Կլաուսաֆոբիան» ԱԺ օվալաձեւ դահլիճում

«Կլաուսաֆոբիան» ԱԺ օվալաձեւ դահլիճում
Ազգընտիրներն ընդհուպ մոտեցել են եվրոպական արժեքներին՝ երեկվանից սկսել են նիստեր գումարել բոլորովին նոր, բրիտական լորդերի պալատի կեղծօրինակով նորոգված դահլիճում, բայց մի շատ կարեւոր տարբերությամբ՝ մենք լորդեր չունենք, դահլիճն էլ ավելի շուտ հիշեցնում է օլիգարխների մշտնջենական ժամանցի վայրերը՝  ռեստորանային համալիրները:



ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՃԱԿԱՏԸ ՈՐՊԵՍ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԻՄՎՈԼ



Հայաստանի հանրության համար ամենակարեւոր այն հրապարակը, որտեղ պիտի քննարկումներ ընթանան ժողովրդի անունից ու հանուն ժողովրդի, ստացել է ճարտարապետական այնպիսի լուծում, որ բացի ԱԺ նախագահությունից ու ազգընտիրների ծոծրակի մասին տեղեկություններից, ժողովուրդը մեր միջոցով  այլ մանրամասներ չկարողանա ստանալ: Ուստի ԱԺ նորակառույց դահլիճի ճարտարապետները բացառել  են պատգամավորներին ու լրագրողներին նույն տարածության օդը շնչելու հնարավորությունը, նրանց անջատելով ձայնամեկուսիչ ապակիով պատված օթյակներով:



Լրագրողներն այլեւս ԱԺ նիստերը կարող են կամ դիտել մնջախաղի թատրոնի սկզբունքով, կամ հերթ կանգնել օթյակի անկյուններում կախած բարձրախոսի տակ (որոնց վրա բացվում է մուտքի  դուռը եւ որոնք ամենայն  հավանականությամբ չինական արտադրության են, որովհետեւ ձայնագրությունից  ընդամենը աղմուկ է ստացվում), որ կարողանան ձայնագրել միմիայն այն պատգամավորի մտքի արգասիքը, ով խոսում է խոսափողով:



Լրագրողները թերեւս սփոփվեին, եթե ԱԺ մտնելիս թատերական հեռադիտակ ու ծրագիր ստանային, բայց հեռադիտակով էլ է անհնար տեսնել ազգընտիրների դեմքը, որովհետեւ բացի վերեւից նրանց գլուխները հաշվելու հեռանկարից, այլ գործողություն ուղղակի չի երեւում: Փոխարենը լավ  երեւում է բեմը՝ ԱԺ նախագահությունը, գլխավոր հերոսներով հանդերձ ու մենք հնարավորություն ունենք  անկաշկանդ լուսաբանելու Հովիկ Աբրահամյանի լայն ճակատին բուսած մազափունջն ու հետեւել դրա  խտանալու բոլոր միտումներին: Բայց եթե պատահի, որ նեղ պատշգամբը մարդաշատ լինի, ապա այդ հնարավորությունն էլ կարող է զրոյանալ այն պարզ պատճառով, որ պիտի հասցնես տեղ զբաղեցնել ապակու տակ, իսկ եթե նստես, այդ գեղագիտական տեսարանն էլ կկորչի հորիզոնից:



ԴՐԵՍԿՈԴ ԿԱՄ՝ ԲԱ ՈՐ ՄԵԿԸ ՆԵՐՔԵՎԻՑ ՎԵՐԵՎ ՆԱՅԻ



ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները անհնարին գտնելով իրենց համար ստեղծված արիստոկրատ պայմաններում աշխատելը, նեղվեցին ու խոսքները մեկ արած դիմեցին դիվանբաշուն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին: Ղարիբջանյանը մի քիչ մտմտաց. տեսնելով որ շատ են, մի պահ որոշեց ընդունել ԱԺ հանձնաժողովների նիստերի գումարման դահլիճում, հետո փոշմանեց ու հրավիրեց իր աշխատասենյակ, բայց պայմանով, որ չտեսագրեն ու հայտարարեց, որ լսելու է միայն առաջարկներ: Մինչ առաջարկները կհնչեին, սկսեց բացատրել նորարարության «առավելությունները»:



«Եկեք սկսենք դրեսկոդից: Մի հատ եկեք ներքեւից ձեզ նայեք, խոսքը աղջիկների մասին է: Դրեսկոտ ասելով ես հասկանում եմ, որ ցանկացած ելումուտ ունեցող պետք ա էնպես հագնվի, որ ներքեւից կամ վերեւից իրար նայելով որեւէ արտառոց բաների մասին չխոսենք»: Թարգմանենք՝ ըստ Ղարիբջանյանի, օթյակներն ապակեպատել են միայն նրա համար, որ իգական սեռի լրագրողները չկռանան ու  պատգամավորները հանկարծ ներքեւից վերեւ չնայեն եւ չտեսնեն նրանց բարեմասնությունները: Սա, իհարկե, աբսուրդ է, որովհետեւ լրագրողները դժվար թե այնքան կախվեն, որ նրանց գոտկատեղից վերեւը անհարմար տեսարան բացի: Բայց Գեղամ Ղարիբջանյանը ավելի խորացավ՝ «Ապակիները չի հանվելու, կկախվեք-կընկնեք, փորձանք կլինի,  ապակին հանենք, ճաղեր դնենք, որ չընկնե՞ք»,-սրամտեց իբր ու նշեց, որ ճարտարապետն է այդպես նախագծել:



Ինչ վերաբերում է «դրեսկոդին», ապա այն առավել ցայտուն է արտահայտված պատգամավորների սենյակներում աշխատող քարտուղարուհիների հագուստների կամ ավելի ճիշտ, դրանց բացակայության պարագայում: Բայց Գեղամ Ղարիբջանյանի ցինիզմին ցինիզմ չի գալիս ու նա հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանին կտեղեկացնի՝ «Ես նրան կզեկուցեմ, որ ապակին մարդկանց մոտ կլաուսաֆոբիա ա առաջացնում»: Նկատի ուներ կլաուստրաֆոբիան՝ փակ տարածքներում առաջացող վախի ու խուճապի զգացողությունը:



Ռադիոլրագրողները բողոքեցին, որ ձայնագրությունը անորակ է, հեռուստալրագրողները՝ որ տեսագրությունն անհնար է, թերթերի լրագրողները՝ որ չեն կարողանում պատկերացում կազմել դահլիճում տիրող իրավիճակի մասին, որովհետեւ ստիպված են ապավինել մոնիտորներով հեռարձակվող ընտրովի տեսապատկերներին ու չեն կարողանում լուսանկարել ապակու միջով: «Էդ մի բանը չասեք, որովհետեւ ես հրավիրել եմ «Չորրորդ ինքնիշխանության» լրագրող Գագիկ Շամշյանին եւ էդ փորձարկումը արել ենք՝ կպցնում եք ապակուն, նկարը դուրս ա գալիս»,-տեղեկացրեց Ղարիբջանյանը:



Ընդվզումներ եղան՝ ախր մեր ապարատները պրոֆեսիոնալ ապարատներ չեն: ԱԺ աշխատակազմի ղեկավարը վերջում եկավ այն եզրահանգման, որ օթյակի նստատեղերին պետք է տեղադրեն բարձրախոսներ ու ավելացնեն մոնիտորները: Քանի որ, բացի այս ամենից, լրագրողների շնչին կանգնած հսկիչներ էլ կան, որոնք կարող են մոտենալ ու նստածին հրամայել կանգնել, կանգնածին՝ նստել «ինչու գլխարկ չես դրել» անեկդոտի տրամաբանությամբ, խնդրեցին, որ գոնե սրանք թողնեն աշխատեն: «Ղալաթ են արել, որովհետեւ  իրենց զգուշացվել ա, որ բոլորին թողեն ազատ շենքում շարժվեն»,-տեղեկացրեց Ղարիբջանյանը:



Ի դեպ՝ շենքում շարժվելու իրավունքի ձեռքբերման հարցն էլ չի լուծում աշխատելու հնարավորությունը, որովհետեւ եթե նախկինում էլի հաջողվում էր պատգամավորի հետ դուրս  գալ նախասրահ, նրան հարցեր տալու համար, ապա այս դեպքում մինչեւ հաղթահարենք ԱԺ շենքի առանց այդ էլ բարդ միջանցքների լաբիրինթոսն ու հասնենք նիստերի դահլիճի դռներին, պատգամավորները վաղուց ճողոպրած կլինեն:



ԲՈՇԱՆ ՓԱՇԱ ՉԻ ԴԱՌՆԱ



Անգամ Ծայրագույնի կողմից օծված, Սերժ Սարգսյանի ձեռամբ բացված ու Ղարիբջանյանի հիացմունքին արժանացած մեր Ազգային ժողովը ոչ ֆիզիկապես, ոչ էլ հատկապես բովանդակությամբ չի կարողանալու եվրոպական երկրների պառլամենտների նմանության հետ հեռավոր աղերսներ ձեռք բերել շատ պարզ պատճառով՝ եվրոպական երկրների խորհրդարաններում հայտնվում են նրանք, ում ընտրում է ժողովուրդը, այդ երկրների խորհրդարանականները պարիսպներով, ոստիկաններով, հսկիչներով  ու տեխնիկայի վերջին խոսքով հագեցած սարքերով մեկուսացված չեն հանրությունից, եվրոպական երկրներում լրագրողներից բացի, յուրաքանչյուր ոք կարող է մտնել խորհրդարան ու ոչ թե ապակու ետեւից, այլ ընդամենը ընդհանուր դահլիճից դիզայնի սիմվոլիկ դետալներով անջատված հատվածից հետեւել պատգամավորների աշխատանքին: