Կարգավորմանն ընդառաջ

Կարգավորմանն ընդառաջ
Գուցե ոմանք խորհրդանշական համարեն, որ հենց հոկտեմբերի 27-ին՝ 1999-ի ոճրագործության տարելիցի օրն է տեղի ունենալու Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան հերթական հանդիպումը: Բայց երբ մտաբերում ես, թե այն նմանատիպ ֆորմատով որերորդ հանդիպումն է եւ որքան այսպիսի անարդյունք հանդիպումներ են եղել եւ դեռ քանիսն են լինելու, հասկանում ես, որ Աստրախանում տեղի ունենալիքը ոչնչով չի առանձնանում մյուսներից: Միակ բանը թերեւս, որ կարելի է արձանագրել, Ռուսաստանի ակտիվացումն է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում եւ Մինսկի խմբի՝ որպես հարցի լուծման միակ ձեւաչափի դուրսմղումը պրոցեսից: Անշուշտ, կարելի է սրան առարկել, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբում համանախագահող երկիր, իր պարտականություններն է կատարում, սակայն ակնհայտ է, որ համանախագահողների մեջ տարբերակում է առաջացել եւ Ռուսաստանի գերիշխող դիրքն անզեն աչքով է նկատելի: Մինչ Աստրախան-Աստանա հանդիպումներն են պատրաստվում, ադրբեջանցիները հերթական աղմուկն են բարձրացրել Քելբաջարում ոսկու հանքերի շահագործման կապակցությամբ: Երեկ Day.az կայքը հայտարարել է, թե «Հայաստանը թալանում է Ադրբեջանի գրավյալ տարածքները»: «Google Earth» ռեսուրսի կողմից տիեզերքից կատարված լուսանկարների հիման վրա ադրբեջանցիները եզրակացրել են, որ ակտիվ հանքարդյունահանման աշխատանքներ են տարվում նշված հանքավայրում: Լուսանկարներում պարզ երեւում են բաց հանքախորշը, բեռնատար մեքենաները եւ հանքարդյունահանող տեխնիկան, ինչը վրդովեցրել է ադրբեջանցիներին, որոնք ողբ են սկսել հարուստ հանքավայրի կորստի առիթով: Չնայած արժեր, որ զարմանային հայերիս դանդաղկոտության եւ սեփական շահը չգիտակցելու կապակցությամբ: Ասենք, ինչն է պատճառը, որ այդ հանքավայրը շահագործվում է հողերը գրավելուց 16 տարի անց: