Տանջվում ենք բիզնեսի համար, բիզնեսից ո՞նց հրաժարվեմ

Տանջվում ենք բիզնեսի համար, բիզնեսից ո՞նց հրաժարվեմ
ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը՝ Մոթելի Հրանտը, ով պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից, չի պատկերացնում, թե ոնց կարելի է բիզնեսից, իր խոսքերով՝ «հաց ուտելուց» հրաժարվել: Նա նաեւ պնդում է, թե գումարային ներդրում չի ունեցել ոչ կուսակցության, ոչ կոալիցիոն առաջնորդի ընտրության հարցում: Հրանտ Մադաթյանը լրագրողների հետ առավել քիչ շփվող պատգամավորներից է: Դժվար է հիշել մամուլին տված նրա հարցազրույցներից որեւէ մեկը: Ի դեպ, Մոթելի Հրանտը երեկ ԱԺ էր եկել առանց ԲՀԿ կրծքանշանի: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:



- Պարոն Մադաթյան, հավատո՞ւմ եք «Բարգավաճ Հայաստանի» 50+1 տոկոսով հաղթանակին առաջիկա խորհրդարանական ընտրություններում:



- 50+1-ը դա չգիտեմ ոնց բացատրեմ, որ կարճ լինի. ամեն մի զինվոր ուզում ա գեներալ դառնա: Տակ շտո, եթե մտել ես քաղաքականության մեջ, ուրեմն բոլորն էլ ձգտում են, հակառակ դեպքում, իմաստ չունի:



- Իսկ Դուք ի՞նչ եք անելու դրա իրականացման համար, եթե ասում եք՝ ոչ մի բան չեմ ներդնում եւ այլն:



- Չգիտեմ: Կգա ժամանակը, կերեւա:



- Հանրապետականն այսօր փորձո՞ւմ է խանգարել Ձեզ  Ձեր ընտրատարածքում, որ ՀՀԿ-ն էդտեղ ԲՀԿ-ից ավելի ակտիվ լինի եւ այլն:



- Ինձ ոչ ոք չի խանգարում ու չի կարա խանգարել:



- Պարոն Մադաթյան, ասում են՝ իշխանությունը չի ուզում, որ գործարարները լինեն հաջորդ խորհրդարանում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:



- Ես գործարար չեմ, ես Ազգային ժողովի պատգամավոր եմ:



- Այսինքն բացառապես օրենսդի՞ր դաշտում եք Ձեր գործունեությունը տեսնում:



- Այո, այո:



- Եթե հանկարծ չընտրվեք հաջորդ խորհրդարանում, փաստորեն, անելիք չեք ունենա:



- Ես որ չընտրվեմ, մի ուրիշ գործով կզբաղվեմ: Քաղաքականությունից էլ՝ ինձ թվում ա, էդքան հեռու չեմ լինի, բայց կաշխատեմ: Կտեսնենք, էլի, Աստված ինչ ուղղության վրա ինձ կտանի: Հիմա ոչ մի բան ասել չեմ կարող նախօրոք:



- Փաստորեն, Ձեր բիզնեսներից հրաժարվել եք:



- Բիզնեսից հրաժարվել, այսինքն ի՞նչ նկատի ունես՝ բիզնեսից հրաժարվել: Հաց ուտելուց հրաժարվեմ, հա՞, էդ ա նշանակում Ձեր հարցը: Ապրելուց հրաժարվե՞մ: Բիզնեսից ո՞նց կարող ա մարդ հրաժարվել: Տանջվում ենք բիզնեսի համար: Բիզնես ստեղծում ենք, որ ապրենք, գոյատեւենք, ընտանիք պահենք, ժողովրդին կարողանանք օգտակար լինել:



- Այդ դեպքում պատգամավորական մանդատը Ձեր ինչի՞ն է պետք, եթե բիզնեսն է Ձեզ պահողը:



- Դե, հիմա բոլորին տվել են, ես էլ եմ վերցրել պատգամավորական մանդատը: Երբ բոլորից կվերցնեն, ես էլ կհանձնեմ:



- Հիմա հաջորդ խորհրդարանում լինելո՞ւ եք, թե՞ ոչ:



- Չգիտեմ, ի՞նչ իմանամ, եթե ողջ լինեմ, պտի որ լինեմ:



- Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում այն, որ ասվում է, թե իշխանությունն ուզում է, որ գործարարներ չլինեն խորհրդարանում...



- Ես չգիտեմ հիմա իշխանությունն ինչ ա մտածում, բայց համենայնդեպս ես ըտենց բաներ չեմ լսել: Կապրենք, կտեսնենք, էլի: Եսիմ, ինչ ասեմ: Նախօրոք ուզում եք ինչ-որ բանի պատասխանեմ: Նախօրոք ոչ մի քայլ չեմ մտածում, չեմ անում: Աստված կկամենա, կգա ժամանակը, ես էլ էդ ընթացքում ցանկություն ունեցա իմ թեկնածությունը դնելու, կպայքարեմ, անպայման կպայքարեմ:



- Պարզապես Դուք, մյուս գործարարները բավական ներդրումներ եք, չէ՞, ունեցել կուսակցության, կոալիցիոն առաջնորդի ընտրության հարցում, հիմա անարդար չի՞, որ ձեզ ասում են՝ այլեւս պետք չեք:



- Ես ոչ մի գումարներ չեմ ներդրել ոչ առաջնորդի, ոչ կուսակցության, ոչ մեկի ուղղությամբ էլ գումարներ չեմ ներդրել, որ կգա ժամանակը, չուզենամ դնել թեկնածությունս, չեմ էլ զղջա: Եթե կրվեմ էլ, չեմ ափսոսա: Բայց ինձ թվում ա՝ լավ կլինի: Լավ ա լինելու:



- Լավ, իսկ ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ում հայկական հանցախմբի բացահայտումը:



- Ես տեղյակ չեմ, ոչ մի բանից կուրսի չեմ, չգիտեմ: Համենայնդեպս, իմ ազգի ներկայացուցիչներին կցանկանայի, որ շուտ ազատում լինի: