Հոկտեմբերի 27: Երբ պետականությունը գլխատվեց

Հոկտեմբերի 27: Երբ պետականությունը գլխատվեց
Ուղիղ 11 տարի առաջ այս օրը Հայաստանն ընկղմվեց խավարի մեջ՝ Ազգային ժողովում տեղի ունեցավ մի այնպիսի կոտորած, որից հետո ժամանակը պիտի չափագրվեր մինչ այդ օրն ու դրանից հետո տրամաբանությամբ: Հետո, իհարկե, շատ պիտի ջանք թափեին այդ խավարում մարդաորսի ելածները, որ դիպվածին տրվի «Մի խումբ ռոմանտիկներ մտան Ազգային ժողով» անվանումն ու պարտակվի:



Այդ «ռոմանտիկները»՝ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  հստակ հաշվարկած լինելով, որ Ազգային ժողովում հարց ու պատասխանի օրն է ու կառավարությունը Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ պետք է ներկայանա, պատասխանելու պատգամավորների հարցերին, 1999 թվականի  հոկտեմբերի 27-ին շատ հանգիստ, առանց որեւէ խոչընդոտի, ԱԺ լրատվական ծառայության աշխատակցի երաշխաթղթով մտան խորհրդարան ու գնդակահարեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին եւ  օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին:



Նաիրի Հունանյանի այդ քայլը նույնիսկ այն պահին, երբ բոլորը շոկի մեջ փորձում էին ընկալել տեղի ունեցածը, հստակ մատնում էր շատ կոնկրետ ծրագրի առկայությունը: Այդ ծրագրի մասին վարկածը պիտի հաստատվեր նրա նկատմամբ իրականացվող դատաքննության ընթացքում: Այդ օրը նա պիտի կոչով դիմեր ԱԺ-ի մոտ հավաքված ժողովրդին, դահլիճ հրավիրեր մինչ այդ պահը ինքն իրեն ալբանացի համարող դեկորատիվ կիրառական նախագահ, այդ պահից հետո երկրի միակ տերն ու տնօրենը դարձած Ռոբերտ Քոչարյանին ու նա Հունանյանին պիտի նշանակեր ժամանակավոր կառավարության ղեկավար: Այսպիսին էր ծրագիրը:



Նաիրի Հունանյանն իր հետ ԱԺ էր բերել օրենքների նախագծեր ու որոշումներ, որոնք պիտի այդ օրն ընդունվեին: ԱԺ դահլիճում սփռված դիակների ու վախից միզապարկերը թուլացած որոշ պատգամավորների շրջապատում Նաիրի Հունանյանը մի քանի ժամ շարունակ դրսից ինչ-որ ուժերի օժանդակության էր սպասում եւ երբ հասկացավ, որ իրեն քցել են ու ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում չեն նշանակելու, հանձնվեց:



ԱՅԴ ՕՐՎԱՆԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ՌՈՄԱՆՏԻԿ ՄԵՌՆՈՒՄ ԵՆՔ



Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը երկրի նախագահն էր, Սերժ Սարգսյանը՝ Ազգային անվտանգության նախարարը: Նորմալ երկրներում նման դեպքից հետո նախարարը հրաժարական կտար, իսկ նախագահին այդ նույն խորհրդարանը անվստահություն կհայտներ: Մերը նորմալ չէր ու Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ արդարացավ, թե այդ օրը հանրապետությունում չի եղել, Քոչարյանն էլ՝ թե. թրաշված չեմ եղել ու սա դարձավ այն երկաթյա ալիբին, որ պիտի թույլատրեր հետագա  շաբաշը՝ անտեր երկրում: Բա ո՞ւր մնաց ռոմանտիկան: Պարզվեց, որ Նաիրի Հունանյանինը մեկանգամյա օգտագործման է: Այլապես ժողովրդի ճակատագրով մտահոգվածը հաջորդիվ էլ կհայտներ իր մտահոգությունները՝ բանտից տեղեկություններ կհաղորդեր իր սիրելի ժողովրդին առ այն, որ մինչ օրս էլ նրա «արյունը ծծում են» ու ինքը, ցավոք, էլ կոտորած չի կարող կազմակերպել, բայց զորակցում է նրան ու հորդորում, որ պայքարի արնակերների դեմ:



ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵԳԵՆԴՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ



«Մեղադրանք առաջադրելիս նկատի ունեցեք, որ եթե մեղադրանքի ծավալը չբխի գործից եւ նախկինի պես ակնհայտ կեղծվի, ապա վերջում կարող է դուրս գալ, որ դուք ձեզ եք մեղադրանք առաջադրել: Իմ առջեւ քայլը ձերն է, իմ քայլը կախված կլինի ձեզանից եւ անշուշտ համարժեք: Հիշեք ժողովրդական խոսքը` ինչ-որ ցանես, այն էլ կհնձես»,- ՀՀ նախագահ Քոչարյանին գրել էր Նաիրի Հունանյանը: Նրա ու մյուսների նկատմամբ իրականացվող դատաքննությունը ձգձգվեց այնքան, մինչեւ Հայաստանում վերանա մահապատժի մասին օրենքի պահանջը: Հակառակ պարագայում նրան պիտի գնդակահարեին ու գնդակահարվելուց առաջ Նաիրի Հունանյանը կհայտներ պատվիրատուի անունը, ինչպեսեւ սպառնում էր դատաքննության ողջ ընթացքում: Իր սեւ գործն արածի ճակատագրով, նա պիտի հայտնվեր ԱԱ հսկողության տակ:



Հունանյան եղբայրներին, ասում են, մինչ օրս պահում են ԿԳԲ-ի շենքում հարմարեցված բանտախցում, առոք-փառոք, ինչպես հինգաստղանի հյուրանոցի համարում: Նրան ոչ ոք չի տեսել: Նրա բանտարկելու օրից մինչ օրս անձամբ բազմաթիվ անգամներ դիմել եմ պատկան մարմիններին, նրա բանտախուց այցելելու նպատակով, թեկուզ միայն տեսնելու եւ հավաստիանալու համար, որ կրում է պատիժը: Մերժել են: Ու քանի որ նրան ոչ ոք չի տեսել, հասարակության մեջ չեն դադարում այն զրույցները, որ Նաիրի Հունանյանին վաղուց վճարել ու բաց են թողել եւ նա հիմա վայելում է իր «երեսուն արծաթը»:



Իսկ ահա մյուս ռոմանտիկների բանը բուրդ եղավ: 6-ից երեքը մեռան բանտում: Վերջինը ավանդեց երկար ապրել այս տարվա մայիսի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Պաշտոնական տեղեկատվությունը գուժեց. «Իր անկողնում հանկարծամահ է եղել 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի առթիվ 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը»: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին մահացածի խցակիցները հայտնել են, որ ճաշից մոտ կես ժամ անց Ստեփանյանն իրեն վատ է զգացել, պառկել ու խռխռոցի ձայներ արձակել:



ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ



Հոկտեմբերի 27-ի գործի քննության հսկողությունը հանձնարարված էր Գագիկ Ջհանգիրյանին, որն այն ժամանակ զինվորական դատախազն էր: Նախաքննության ողջ ընթացքում Հայաստանում չկար մարդ, որ չգիտենար, որ այդ գործը չի բացահայտվելու եւ որ իշխանությունները հստակ ուղղորդում են նախաքննական մարմնին: Գագիկ Ջհանգիրյանն այդ մասին ասել էր դեռեւս 2000 թվականին: «Ինչո՞վ քննությունն ուղղորդելու փորձ չէ, երբ բարձրաստիճան պաշտոնյաները եւ կուսակցության ղեկավարները հրապարակավ կարծիք են հայտնում, որ հանցագործությունը կատարել են միայն այդ հինգը եւ քննչական խումբը դրսում իզուր է մարդ որոնում»:



Հիշեցնենք, որ Հունանյանի ու մյուսների գործից անջատված մաս կար, այն վերաբերում էր պատվիրատուներին ու այդ մասը կարճեցին: Հետագայում արդեն, երբ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացավ Ազատության հրապարակում բռնակալության դեմ պայքարող ժողովրդին ու անդրադարձավ այդ թեմային, կրկնեց վերոնշյալը: Իսկ արդեն բանտում, 2008-ի նոյեմբերի  27-ին «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց՝ «Ես այն ժամանակ, եւ հիմա, եւ ապագայում, միշտ այն կարծիքին եմ լինելու, որ «հոկտեմբերի 27-ը» կազմակերպված, հստակ ծրագրավորված պետական հանցագործություն էր: Երբ իմ վարույթից վերցրեցին «27-ի» գործով անջատված մասը եւ տեղափոխեցին Գլխավոր դատախազություն, եւ մեկ տարի հետո այդ անջատված մասը կարճում էին, կոլեգիայի նիստում ես ասացի, որ վարույթը կարճել չի կարելի»:



Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Նաիրի Հունանյանի հոր այն հայտարարությունը, թե իր որդիների հետեւում կանգնած ուժեր կային, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանել է՝ «Բա որ Նաիրի Հունանյանի հայրը այդքանը գիտի, բա ես ինչքա՞ն գիտեմ»: Գագիկ Ջհանգիրյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ սոսկալի տարելիցի նախօրեին չի ուզում խոսել, թեպետ նշեց, որ իր կարծիքը չի փոխել: