Արմեն Ռուստամյան. Գործընթացը հրապարակային փուլ մտել է

Արմեն Ռուստամյան. Գործընթացը հրապարակային փուլ մտել է
Ես մեծ ակնկալիքներ չունեմ Աստրախանի հանդիպումից մի պարզ պատճառով՝ եթե խնդիրը չի լուծվում, անիմաստ է խոսել էական առաջընթացի մասին: Այդ խնդիրը Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքն է: Քանի դեռ Ադրբեջանն այն դիրքորոշմանն է, որ չի կարողանում պատկերացնել, որ հարցը պետք է լուծվի առաջնային ճանաչելով կարգավիճակի եւ ժողովրդի անվտանգության հարցերը, մենք առաջընթաց ակնկալել չենք կարող, իսկ Ադրբեջանն այսօր իր նույն կոշտ մոտեցումները պահպանում է: Նրա տեսակետն այն է, որ իր կողմից հորջորջվող «օկուպացված» տարածքները պետք է վերադարձվեն, նոր մնացած հարցերը լուծվեն:



Այսինքն սա այն է, ինչից մենք սկսել ենք, եւ, բնականաբար, եթե այդ փոփոխությունը Ադրբեջանի մոտ տեղի չունենա, առաջընթաց չի կարող գրանցվել: Բայց մի խնդիր էլ կա: Անհեթեթ մի վիճակ է առաջացել: Երկու կողմերը՝ ուղղակի կամ անուղղակի, փաստորեն ողջունել են Մադրիդյան սկզբունքները: Մի կողմն ասում է Մադրիդյան, մյուսը՝ նորացված Մադրիդյան սկզբունքներ, բայց ողջունել են: Բոլորովին վերջերս արտգործնախարարը, երբ խոսում էր բյուջեի մասին, դա մեր ձեռքբերումներից մեկը համարեց, ասաց, որ մենք հասել ենք նրան, որ այդ երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման, եւ մյուս 6 կետերը մեկ հարթության վրա են դրված:



Հիմա ես հարց եմ տալիս, ԼՂ հարցի հայանպաստ լուծման մեր հայեցակարգը եղել եւ մնում է նույնը: Կան երկու հանրաքվեներ, եւ այդ հանրաքվեներն անցկացրել է ԼՂ ժողովուրդը եւ հստակ սահմանել, թե ինչ է ուզում: Թող մեզ այդ պաշտոնատար անձինք բացատրեն՝ այդ 6 կետերից, որ իրենք նշում են, ո՞րն է նպաստում այդ հարցերի լուծմանը, որքանո՞վ են համահունչ այդ 6 սկզբունքները 91թ.-ին եւ 2006թ.-ին ԼՂ-ում անցկացված հանրաքվեի արդյունքներին եւ եթե դրան համահունչ չեն, ուրեմն ինչո՞ւ ենք մենք ողջունում: Սա շատ կարեւոր հարց է, որը մեզ մի եզրակացության է բերում՝ աննախադեպ իրավիճակ է առաջացել այն առումով, որ 3 նախագահներն արդեն 2 անգամ հայտարարություններ են արել, եւ նախագահների հայտարարությունն էապես փոխել է իրավիճակը:



Ըստ էության, բանակցային գործընթացը մտել է հրապարակային փուլ, իսկ երբ հրապարակային փուլ է մտնում, դա նշան է, որ գործում է խաղաղության պարտադրման սկզբունքը: Այսինքն, միջնորդները համոզելուց փորձում են անցնել խաղաղության պարտադրման փուլին, ինչը նշանակում է, որ ինչ-որ փաթեթ՝ սկզբունքներով հանդերձ, պետք է հիմք հանդիսանա այդ խաղաղության համար, եւ դրա հիման վրա կարող է պարտադրվել խաղաղություն: Սա շատ վտանգավոր է եւ նշանակում է, որ կորցրել ենք այն, ինչն ի սկզբանե հետապնդում էինք:



Առավելագույնը կարող ենք ականատես լինել նրան, որ եւս մեկ անգամ շատ խիստ կերպով կոչ արվի արագացնել այդ սկզբունքների հիման վրա բանակցությունները եւ արդեն անցնել հաշտության մեծ պայմանագրի աշխատանքներին:



Արմեն  ՌՈւՍՏԱՄՅԱՆ

ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր