ԱԺ-ում տարեդարձ էր երեկ, մեղա Աստծու

Օրինակ, Գերմանիայի խորհրդարանի՝ Ռեյխսթագի շենքը Երկրորդ համաշխարհային պատերազմի հետքերից նորոգելու ժամանակ պահպանել են ֆաշիզմի դեմ պայքարող զինվորների գրությունները, փամփուշտների ու արյան հետքերը կրող մի ամբողջ պատ, որպես իրենց պետության ամենաամոթալի էջի խորհրդանիշ, այն երբեւէ կրկնելու հնարավորությունը բացառելու նպատակով: ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը եվրոպաներում տեսածին նմանեցնելու Հովիկ Աբրահամյանի գաղափարը դժվար թե ընդունակ լիներ հաշվի առնելու նման բարոյահոգեբանական հարցեր:
Թեպետ նրա գաղափարն այնուամենայնիվ առարկայացել է անհամադրելի գույներով ու դետալներով հագեցած, ճնշող այդ սրահում, միեւնույն է, նրա ու խորհրդարանական մեծամասնության մտավոր ունակությունների վրա եվրոպականացման այդ հանգամանքն առանձնապես չի ազդել: Երեկ Հովիկ Աբրահամյանն ապացուցեց, որ իր գիտելիքները խիստ սահմանափակված են հայերեն այբուբենի բոլոր տառերի իմացությամբ: «Այսօր հոկտեմբերի 27-ի 11-րդ տարեդարձն է: Ոճրագործություն, որը առաջին հերթին ոտնձգություն էր ոչ միայն պետական, քաղաքական ականավոր գործիչների նկատմամբ, այլեւ անկախ պետականության ողնաշարին»,- ԱԺ երեկվա նիստը բացելիս հայտարարեց խոսնակը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ «ողբերգական իրադարձության հետեւանքով կորցրեցինք պետության ու ժողովրդի նվիրյալ զավակներին, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործունեությամբ ազնվորեն ծառայեցին երկրին ու հասարակությանը, ովքեր ունեին բազում ծրագրեր եւ դրանք իրականացնելու հաստատակամություն», թվարկեց նրանց անունները եւ ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել հիշատակը: Այնքան ազնիվ գտնվեց, որ չասաց, որ շարունակելով նրանց գործը, պարտավոր են կյանքի կոչել այդ ծրագրերը, որովհետեւ գիտեր, որ եթե դրանք կյանքի կոչվեին, ինքը դժվար կարողանար կտրվել հայրենի Մխչյան գյուղից ու հայտնվեր այդ օվալաձեւ միջավայրում: Եվ քանի որ հայտնվել է, ուրեմն այդ օրվա մասին խոսելիս պիտի ասեր՝ «տարեդարձ»: Լավ էր, որ չերգեց՝ «Տարեդա՜րձ է այսօ՜ր»:
Կարծիքներ