Տարածաշրջանային խառնակիչը

Տարածաշրջանային խառնակիչը
Երեկ Աստրախանում կայացած Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան հանդիպման արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել: Այսպես կոչված` հումանիտար բնույթի, որտեղ միակ հոդաբաշխ նախադասությունը վերաբերում է ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակմանը: Այս փաստն այնքան է ոգեւորել ՌԴ նախագահին, որն առանձին հայտարարություն ու մեկնաբանություններ է արել հանդիպման վերաբերյալ եւ վստահություն հայտնել, որ դեկտեմբերին սպասվելիք ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին հնարավոր է Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցված տեքստ ունենան՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Անշուշտ լավ է, որ մեր հյուսիսային հարեւանը (ի դեպ, դժվար է քեզ հետ ընդհանուր սահման չունեցողին հարեւան կոչելը) այդքան մտահոգ է ու մասնակից մեր տարածաշրջանային խնդիրների լուծմամբ: Ինչպիսի՜ հումանիստական մոտեցում այլոց հոգսերի նկատմամբ: Բայց եկեք մի պահ մոռանանք մեր հարեւանի մեծապետական նկրտումների մասին եւ փորձենք հասկանալ՝ ինչու եւ ինչպես: Մի երկիր, որն անհաշվելի, պարզապես անթիվ ու անհամար խնդիրներ ունի սեփական երկրում` սկսած նորմալ տնտեսական մրցակցություն եւ իր քաղաքացիների կենսամակարդակի ապահովումից, անմիջական հարեւանների հետ տարածքային եւ այլ խնդիրներից, մինչեւ դեմոգրաֆիական եւ բնապահպանական պրոբլեմներ, ինչո՞ւ է բանուգործը թողած, զբաղվում hարավկովկասյան խնդիրներով: Սա մի հարցադրում է, որն արեւմտյան կայացած պետությունների պարագայում հնարավոր չէ առաջ քաշել: Եվ վերջապես, ինչպե՞ս կարող է մի երկիր, որն ունի Չեչնիա, ազգային փոքրամասնությունների հետ կապված բազում խնդիրներ, ազգամիջյան կոնֆլիկտի լուծում առաջարկել եւ միջնորդ լինել այլ պետությունների համար: