Նոր նշանակումներ, նոր պաշտոնյաներ

Նոր նշանակումներ, նոր պաշտոնյաներ
Երեկ մենք տեղեկացանք, որ պաշտպանության նախարարի հրամանով նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Դավիթ Կարապետյանը, որն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից: Ըստ ՊՆ հաղորդագրության, նա արեւելագետ է, ուսանել է նաեւ Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում: Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ռուսերեն լեզուներին:



Սակայն լրատվական դաշտի համար ոչ թե նախարարի մամուլի քարտուղարի լեզուների իմացությունն ու կրթությունն է կարեւոր, այլ համակարգի հետ կապված տեղեկացված լինելու, բաց եւ թափանցիկ աշխատելու հանգամանքը: Որ նրան դիմելու պարագայում չլսենք. «Տեղեկացված չեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել: Հետեւեք ՊՆ կայք-էջին՝ լրացուցիչ տեղեկատվությունը կտեղադրենք կայքում» եւ այլն: Մամուլի նախկին պատասխանատուները մեզ այնքան հաճախ են այդ պատասխանները տալիս, որ թվում է` դա ՊՆ առօրյա լեքսիկոնն է: Մինչդեռ բանակի հետ կապված խնդիրներն այնքան շատ են եւ հասարակության հետաքրքրությունն այնքան մեծ, որ ցանկալի է այս պաշտոնը զբաղեցնող անձը գաղափար ունենա  նաեւ լրատվական դաշտի աշխատանքից եւ պատրաստակամ լինի աջակցելու, որ մենք՝ լրագրողներս էլ կարողանանք մեր աշխատանքը կատարել:



Երեկ եւս մեկ նոր անձ է հայտնվել Հայաստանում. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Շմուել Մեյրոմին (նստավայրը՝ Երուսաղեմ), որն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին: Մենք նաեւ տեղեկացանք, որ Հայաստան է ժամանել Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանը՝ Անրի Ռենոն, որի մասին մենք օրեր առաջ գրել էինք: