Աստրախանի հանդիպման սցենարը նախօրոք գրված էր

Աստրախանի հանդիպման սցենարը նախօրոք գրված էր
«Տպավորություն է ստեղծվում, որ Աստրախանում ոչ թե նախագահներն են հանդիպել, այլ ինչ-որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աստրախանի հանդիպման ժամանակ քննարկված հարցերը կարող էին քննարկվել ընդամենը նման հասարակական կազմակերպությունների մակարդակով»,- ասում է Իգոր Մուրադյանը` անդրադառնալով Աստրախանում հայ-ռուս-ադրբեջանցի նախագահների եռակողմ հանդիպմանը: Ըստ քաղաքագետի, հանդիպումը կայացավ ծրագրված սցենարով, բայց թե այդ սցենարը ում կողմից էր գրված, ինչի համար էր եւ ինչի էր պետք, պարզ չէ:



Քաղաքագետը համոզված է, որ իրավիճակը վերլուծելուց առաջ պետք է տեսնել, թե ինչ իրավիճակ է միջազգային ասպարեզում: Ըստ նրա, վերջին ժամանակներում արտաքին քաղաքականության առումով ԱՄՆ-ն որոշակի դադար է վերցրել: Սակայն ԱՄՆ-ն Հարավային Կովկասում շարունակում է պահել իր ռազմավարական հետաքրքրությունները: «Քանի որ վարում է Չինաստանի շրջափակման ակտիվ քաղաքականություն, իսկ այդ առումով Կովկասը ամերիկացիների համար նույնքան կարեւոր է, որքան մյուս` հարակից տարածաշրջանները:



Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ն չի կարող լքել տարածաշրջանը եւ բնականաբար հասկանում է, որ այդ դադարը ժամանակավոր է, սակայն փորձում է հնարավորինս արագ օգտվել այդ դադարից»,- ասում է քաղաքագետը: Դադարից օգտվելու փորձերից մեկն էլ Ռուսաստանի շահագրգռվածությունն է ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում: Իգոր Մուրադյանի կարծիքով, տարածաշրջանում ԱՄՆ-ն Ռուսաստանի հանդեպ առավելություն է ձեռք բերել, քանի որ Կովկասի պետությունները հասկանում են, որ Ռուսաստանը միայնակ, առանց Ամերիկայի չի կարող այստեղ անվտանգություն պահպանել:



«Ռուսաստանի ակտիվությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ հակամարտող կողմերին դուրս բերի համաձայնագրի ստորագրման` դրանով դուրս մղելով Մինսկի խմբին` ամերիկացիներին: Սակայն դա անլուծելի խնդիր է»,- հավելեց քաղաքագետը: «Աստրախանի իրավիճակը նույնիսկ այնպիսին էր, որ դժվար է ասել, թե ով շահեց կամ ով պարտվեց: Այս ամենով փորձ արվեց Հայաստանին ցույց տալ, որ նա այլ ելք չունի, քան տարվող քաղաքականության հետ համաձայնելը»: Քաղաքագետը համոզված է, որ խաղն ընթանում է հօգուտ Ադրբեջանի, եւ քանի դեռ Հայաստանը ղեկավարում են այս իշխանությունները, Ռուսաստանը Հայաստանում խնդիր չի տեսնում:



Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ կապված պատմությանը` Իգոր Մուրադյանն ասաց. «Կա փաստ»: Իսկ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի կողմից տարածված տեղեկատվության հերքման մասին ասաց. «Այդ տեքստից երեւում է, որ ամեն դեպքում խոսակցություն եղել է»: