Մախաթը պարկում չես թաքցնի

Մախաթը պարկում չես թաքցնի
Օրեր առաջ մենք անդրադարձել էինք Ցեղասպանության հիշատակի ծառուղուց արծաթափայլ եղեւնիների անհետանալու փաստին: Գրել էինք, որ անհայտ անձինք դրանք գողանում են՝ հավանաբար վաճառելու մտադրությամբ: Եվ խնդիրն այնքան է լրջացել, որ Ցեղասպանության թանգարանի տնօրինությունը մտածում է գիշերային պահակներ կարգելու մասին, որոնք 24 ժամ կհսկեն եւ կկանխեն գողությունները: Մեր հրապարակումը, չգիտես ինչու, խիստ զայրացրել էր Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին, որը հաջորդ օրն իսկ սկսել էր տարբեր լրատվամիջոցներում հերքել մեր տեղեկատվությունը, թե ոչ մի եղեւնի չի գողացվել, մի քանիսը չորացել են, եւ իրենք դրանց փոխարեն են նորերը տնկել:



Անգամ թերթերից մեկի թղթակցի համար իսկական բեմականացում էր կազմակերպել՝ պահեստից բերել էր տվել չորացած եղեւնիները (թե ինչու են չորացած տնկիները պահեստում պահել, միայն Դեմոյանին է հայտնի) եւ հայտարարել, որ դրանք են հանվել ծառուղուց եւ փոխարինվել նորերով: Ապա տարել-ցուցադրել էր ծառուղին՝ հայտարարելով. «Ինքներդ տեսեք, այստեղ գողության հետք կա՞»: Լրագրողն էլ արձանագրել էր, որ ոչ՝ գողության հետք չկա, կտրված ծառեր էլ չկան, ոչ էլ անգամ գողեր են երեւում շրջակայքում: Այնպես որ, այս «կեղտոտ» մամուլը զրպարտում է խեղճ Դեմոյանին:



Բայց բանն այն է, որ մենք մտադրություն անգամ չենք ունեցել մեղադրելու Դեմոյանին կատարվածի մեջ: Բնականաբար, թանգարանի տնօրենը չի կարող պատասխան տալ ոչ ազգի բարոյական նկարագրի, որի որոշ ներկայացուցիչներ կարող են անգամ Ցեղասպանության հիշատակին նվիրված ծառերը գողանալ, ոչ էլ ծառուղին պահպանողների փոխարեն: Իսկ մեր հավաստի աղբյուրներն ասում են, այս անգամ պնդում են, որ ծառերի գողության դեպքերը եղել են, դրանք արմատից հանվել են, այլ ոչ թե կտրվել, եւ դրանց փոխարեն տնկվել են նորերը՝ այս անգամ թանգարանի տնօրինության կողմից:



Թե ինչու է Հայկ Դեմոյանը փորձում սա թաքցնել, անհասկանալի է: Գուցե մտածում է, որ իր սրընթաց կարիերային տնկիների գողության փաստը կարող է վնասե՞լ: Կամ վախենում է, որ այս գողությունների մասին եթե իմացվի, բարձրաստիճան հյուրերը կարող են այլեւս եղեւնիներ չտնկե՞լ ծառուղում կամ էլ վրաները նշան անել ու պարբերաբար ստուգել՝ դրանք տեղում են, թե ոչ: Մի խոսքով, պարոն Դեմոյանը դողում է ամեն տնկիի եւ դրանց առնչվող ցանկացած տեղեկատվության վրա:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ