Նրանք իրավունք չունեն առանց Արցախի բանակցել

Նրանք իրավունք չունեն առանց Արցախի բանակցել
Հարցազրույց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, պահեստի գնդապետ Ռազմիկ Պետրոսյանի հետ:

- Դուք արցախյան շարժման ակտիվիստներից եք, ժամանակին ընտրվել եք ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Արցախից, «Կռունկ» կոմիտեի անդամ եք եղել, մասնակցել եք ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, իսկ այսօր կարծես թե մնացել եք ստվերում։ Ո՞րն է պատճառը։





- Երբ սկսվեց արցախյան շարժումը, մենք հստակ գիտակցում էինք, թե ինչ ենք անում։ Մենք ունեինք հակառակորդ, թշնամի եւ պայքարի էինք ելել նրանց դեմ ու նրանց կողմից պարտադրված պատերազմում հաղթել ենք։ Հիմա պայքարի այդ ճակատը չկա։ Եղած թե՛ լավը, թե՛ վատը այսօր այստեղ է, մեր երկրում։ Հիմա ո՞ւմ դեմ պայքարենք, մեր իշխանությունների՞, բայց դրանով ջուր կլցնենք թշնամու ջրաղացին։ Դրա համար ես եւ ինձ նմանները պասիվ ենք դարձել։



- Արցախյան շարժման նպատակը Հայաստանին միանալն էր, սակայն կես ճանապարհից անկախ պետություն կերտելու ուղի ենք ընտրել։ Ո՞րն է Արցախի խնդրի լուծման ճիշտ ուղին։



- Այն տարիներին, երբ ԽՍՀՄ-ը դեռ գոյություն ուներ, ճիշտը «միացումն» էր։ Բայց երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, եւ միութենական հանրապետությունները սկսեցին անկախություն հռչակել, այդ թվում Հայաստանը՝ ՀԽՍՀ սահմաններով, մեզ այլ ելք չէր մնում անկախության ուղուց բացի։



- Հիմա անկախությունը մեզ համար վերջնական նպատա՞կ է, թե՞ քայլ դեպի «միացում»։



- Չէ, վերջնական նպատակը Հայաստանի հետ վերամիավորվելն է։ Մի ազգ՝ երկու պետություն չի լինում։ Հսկա Գերմանիաները կրկին միավորվել, մի պետություն են դարձել։



- Պատերազմում մենք հաղթել ենք թշնամուն, սակայն դիվանագիտական դաշտում առայսօր միայն պարտություններ ենք գրանցում։ Ո՞րն է եղել մեր առաջին մեծ սխալը։



- Ամենամեծ սխալն այն է, որ մեր պասիվության պատճառով Ադրբեջանն է կամք թելադրում, հայտարարում, թե Հայաստանը «ադրբեջանական» տարածքներ է զավթել։ Մինչդեռ բոլորս գիտենք, որ Ադրբեջանն է հարձակվել Ղարաբաղի վրա, որ Շահումյան ու Գետաշեն ենք կորցրել, Խանլարի ու Դաշքեսանի շրջաններ, Կիրովաբադ ենք կորցրել, որտեղ Ադրբեջանի իրականացրած հայահալած քաղաքականության տարիներին անգամ բնակչության 30-40 տոկոսը հայեր են եղել։



- ԵԱՀԿ ՄԽ կողմից ազատագրված տարածքներում, այսպես ասած, դաշտային առաքելություն անցկացնելը ե՞ւս մեր դիվանագիտության պարտությունն է։



- Ես չգիտեմ, թե ով է դրանց հետ պայմանավորվածություն ստորագրել, բայց միթե հենց սկզբից չէր կարելի պայմանավորվել, որ մեր ազատագրած մի շրջանում լինելուց հետո նրանք անմիջապես մեկնեն Ադրբեջանի կողմից զավթված հայկական մի շրջան։



- Ազատագրված տարածքները չենք վերաբնակեցնում։ Ի վերջո, այդ տարածքները մե՞րն են, թե՞ ոչ։



- Մեր ամենամեծ սխալն այն է, որ այդ տարածքները չենք վերաբնակեցրել։ Ապրողներն էլ հաճախ չեն մնում այնտեղ։ Հետո էլ՝ այդ հարկային դաշտի մասին։ Ճիշտ կլինի, որ մենք, ասենք, մի 5 տարով բնակչությանն ազատեինք հարկերից, որպեսզի մարդիկ ազատ շունչ քաշեն, կարողանան ապրելու համար ինչ-որ մի հիմք ստեղծել։ Այդ դեպքում շատ-շատերը կգային այստեղ ապրելու։ Այդ տարածքներն իհարկե մերն են, մեր հայկական հողերն են, եւ դրանք ամրագրված են մեր Սահմանադրության մեջ։



- Պատերազմից հետո մեծացել է արտահոսքը։ Արցախի բնակչությունը, պաշտոնական տվյալներով, մոտ 140 հազար է։ Այդքան է եղել նաեւ 20 տարի առաջ։ Ո՞րն է պատճառը, որ մեր հայրենակիցները մեկնում են երկրից։



- Ես գիտեմ միայն, որ ամեն ինչ պիտի արվի, որպեսզի բնակչությունն այստեղ կրկնապատկվի, եռապատկվի, որ մարդիկ գան այստեղ աշխատեն, ունեցածին մի բան գումարեն, ասենք, յուրաքանչյուրին մի 5 հա հող տան, որպեսզի մնան ու շենացնեն մեր երկիրը։



- Մեր իշխանություններն արդյո՞ք սոցիալական ճիշտ քաղաքականություն են վարում։



- Հստակ չեմ կարող ասել, բայց եթե ժողովուրդը պակասում է, թողնում-գնում են, ուրեմն ճիշտ չեն վարում։



- Ինչո՞ւ Արցախի իշխանությունները չեն ուզում տեր կանգնել իրենց երկրին ու իրենք տնօրինեն այս հողի եւ ժողովրդի ճակատագիրը։ ՀՀ նախագահը, ով էլ նա լինի, բարոյական իրավունք ունի՞ Արցախի անունից բանակցություններ վարելու։



- Ամենամեծ սխալը դա է, որ կարծեմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակից է... Նրանք իրավունք չունեն առանց Ղարաբաղի մասնակցելու բանակցությունների։ Ղարաբաղում իշխանություն կա, թող Ղարաբաղն էլ գնա մասնակցի այդ բանակցություններին։ Չէ որ հիմնականում մենք՝ արցախցիներս ենք կռվել, իսկ Հայաստանը մեզ օգնել է։ Ղարաբաղի՛ իշխանությունները միայն իրավունք ունեն մեր երկրի անունից բանակցություններ վարելու։



- Իսկ ինչո՞ւ մեր իշխանությունները ոչինչ չեն անում այդ սխալն ուղղելու համար։



- Իմ կարծիքով, Հայաստանը մոտ ժամանակներս ճանաչելու է Արցախի անկախությունը, ԼՂՀ-ի հետ պայմանագիր է կնքելու եւ նրանց ասելու է՝ կռվող, հակամարտող կողմը Ղարաբաղն է, նրանց հետ էլ բանակցեք։



- Ընկերական շրջանում հաճախ ենք խոսում այդ մասին, իսկ վերջերս էլ մի հարցազրույցում Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն ասել է, որ զարմանում է, թե ինչու, գտնվելով փաստացի պատերազմի մեջ, զենք չենք արտադրում: Ազերիներն արտադրում են, իսկ մենք, ունենալով դրա հնարավորությունը, չենք անում։ Մինչդեռ պատերազմի ժամանակ անգամ հրթիռ էինք արտադրում... Դուք ինչպե՞ս եք կարծում։



- Հիմա Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Որքան էլ մեզանում ասեն, թե պատերազմ չի լինելու, չի կարելի դրա հավանականությունը բացառել։ Էն մարդը, որ զենք է ստեղծում, մի անգամ դա կրակելու է։ Դրա համար մենք պիտի գոնե նվազագույն ձեւով պատրաստ լինենք դրան։ Մենք այդ հնարավորությունն ունենք։ Պետք է ավելի կատարելագործենք ու զարգացնենք մեր պաշտպանությունը, մենք էլ ռազմական ինքնաթիռներ, «Սմերչ» կայանքներ եւ ժամանակակից այլ զինատեսակներ գնենք։ Ղարաբաղցին ասում է՝ ես կռվող տղա եմ, ինչ ուզում ես՝ արա, բայց ինձ հնարավորություն տուր, որպեսզի կարողանամ կռվել, ինձ պաշտպանել։ Մենք այդ հնարավորությունը պիտի տանք։ Մեզանում շատերը հույսները դնում են Ռուսաստանի վրա, բայց ռուսը երբեք մեզ չի պաշտպանելու։ Հույսներս մեզ վրա պիտի դնենք, ինչպես դա արել ենք պատերազմի ժամանակ։



- Ադրբեջանը շարունակ ավելացնում է իր ռազմական բյուջեն...



- Այո, բայց դա բումերանգի պես հարվածելու է նրանց։ Որ պատերազմ լինի, մենք էլ ենք մեծ կորուստներ ունենալու, բայց բազմիցս ավելի մեծ կորուստներ ունենալու է Ադրբեջանը, որովհետեւ մենք մեր հողն ենք պաշտպանելու, իսկ նրանց համար սա օտար երկիր է, իրենց հողը չէ, իրենք ընդամենը զավթիչների դերում են լինելու։ Ադրբեջանը վերջապես պիտի հասկանա, որ Ղարաբաղն իր համար արդեն վերջացել է, Ղարաբաղից ձեռք քաշի եւ իր ներքին խնդիրներով զբաղվի։



- Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան։



- Դժվար հարց է։ 1988 թվականին ապագան տեսնում էի, բայց հիմա հստակ չեմ կարող ասել։ Այսօր Ռուսաստանում հազարավոր համերկրացիներ ունենք, որ հազիվ հացի փող են աշխատում։ Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի նրանք վերադառնան Արցախ։ Միլիոնատերեր ունենք թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում ու արտերկրում։ Թող գումարներ ներդնեն, շենացնեն այս երկիրը...



Վարդգես ՕՎՅԱՆ

Ստեփանակերտ