Սրբազանը կմեկնի՞ Լոնդոն
Բրիտանիայի դեսպանատունը ոչ միայն մերժել էր մուտքի արտոնագիր տրամադրել Շիրակի թեմի առաջնորդին, այլեւ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել: Սրբազանին ասել էին. «Դուք ինչո՞ւ եք Ձեզ ժողովրդից զատում: Չէ որ Դուք ժողովրդի մի մասն ենք: Բարի եղեք, գնացեք Ձեր ժողովրդով զբաղվեք»: Համաժողովին մասնակցելու հրավերն Աջապահյանին էլեկտրոնային փոստով է ուղարկվել, իսկ դեսպանատանը մուտքի արտոնագիր ստանալու դիմումը քննելիս սահմանված կարգով պահանջել են ներկայացնել օրիգինալ հրավերը եւ ԱԳՆ-ից նոտա` դիվանագիտական անձնագրի վերաբերյալ, որովհետեւ առանց ԱԳՆ համապատասխան նոտայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձին մուտքի արտոնագիր չի տրամադրվում:
Եվ քանի որ եպիսկոպոսը չի ներկայացրել ոչ օրիգինալը, ոչ ԱԳՆ գրությունը՝ ուղեւորության վերաբերյալ, մերժել են վիզան: Միջադեպի առնչությամբ երեկ ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը բաց նամակով դիմել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին եւ «ափսոսանք» ու «խորը հիասթափություն» հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ: Թվարկելով սրբազանի առաքինությունները, բաց նամակում ասվում է.
«Կարծում եմ, որ սրբազանի հանդեպ դեսպանատան հյուպատոսական բաժնի նման վերաբերմունքը որպես անձնական վիրավորանք կընկալի Շիրակի մարզի ցանկացած քաղաքացի: Լավ իմանալով սրբազանի ներդրումը ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների, համամարդկային արժեքների խրախուսման եւ տարածման բարդ գործում, մեզ համար անհասկանալի է, թե ինչ հիմունքներով է հյուպատոսական բաժինը նման վարքագիծ դրսեւորել: Հույս ունեմ, որ դա սխալմունք է, որը կշտկվի: Այլապես դա կարող է ընկալվել որպես սխալ ուղերձ բոլոր նրանց, ովքեր չեն նահանջում Հայաստանում ժողովրդավարական արժեքների պաշտպանության հավատամքից»:
Մայր Աթոռն էլ, իհարկե, իր սպասավորին «անտեր» չի թողել: Ավելի վաղ նամակ է հղել Բրիտանիայի դեսպանատուն: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հարցն արդեն կարգավորված է: Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ներողություն է խնդրել դեսպանատան վերաբերմունքի համար, եւ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կմեկնի Լոնդոն: Մուտքի արտոնագրի համար Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այսօր պետք է դեսպանատուն գնա:
Կարծիքներ