Կառուցեք, բայց պարսպի ներսում

Կառուցեք, բայց պարսպի ներսում
Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում Դելֆինարիում կառուցել-չկառուցելու հարցը դեռ շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ գրող, երգահան Վահրամ Թաթիկյանը հոկտեմբերի 20-ին անժամկետ հացադուլ էր սկսել՝ պահանջելով դադարեցնել Կոմիտասի այգում Դելֆինարիումի կառուցումը եւ այդ տեղում եկեղեցի հիմնել: Սակայն մեկ օր անց, հանդիպելով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Թաթիկյանը հայտարարեց, որ իր պահանջները 100 տոկոսով բավարարվել են, եւ դադարեցրեց հացադուլը: Թաթիկյանի ասելով, նախարարն իր մոտ՝ Պանթեոն եկել էր Սերժ Սարգսյանի հորդորով եւ փոխանցել էր, որ նախագահն ընդունել է Թաթիկյանի առաջարկը. Դելֆինարիումն այլեւս չի կառուցվի:



Սակայն հոկտեմբերի 27-ին մշակույթի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում է. «Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկն անտարբեր չթողեց մտավորականներին ու մշակույթի գործիչներին: ՀՀ մշակույթի նախարարությունը դիմեց Երեւանի քաղաքապետարան` տվյալ թեմայի շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, հայտնում ենք, որ նախկին կարուսելի տեղում կառուցվող Դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին` ոչ էկոլոգիապես եւ ոչ էլ բովանդակային առումով: Գարնանն այնտեղ կկազմակերպվի մեծ ծառատունկ, եւ այգին կպահպանի իր նախկին գործառնական նշանակությունը, չխախտելով հարակից տարածքում գտնվող Պանթեոնի ճարտարապետական ներդաշնակությունը»:



Հաղորդագրությունում հստակ ասվում է, որ Դելֆինարիումը պետք է կառուցվի. այն ոչնչով չի խաթարի այգին: Վահրամ Թաթիկյանին խնդրեցինք մեկնաբանել մշակույթի նախարարության տարածած հաղորդագրությունը: Նա դեռ չէր հասցրել ծանոթանալ հաղորդագրության բովանդակությանը, սակայն ասաց. «Ես ոչ մի բան հենց այնպես, պատահական չեմ անում: Անթել հեռախոս է ստացվում: Նախագահը դիմել է Հասմիկ Պողոսյանին, նա էլ քաղաքապետարա՞ն: Ես, լավ իմանալով մեր քաղաքապետի բարոյական մակարդակը, շատ լավ գիտեմ, թե ինչի կվերածվի այգին Դելֆինարիումի կառուցումից հետո: Ես քաղաքապետարանի հետ ոչ մի գործ չունեմ: Քանի որ նախագահն ինքն է ասել, որ իմ պրոյեկտն անձամբ ընդունում է եւ Կոմիտասի այգուն կից պետք է պատմամշակութային համալիր կառուցվի, միայն այդ պատճառով եմ դադարեցրել հացադուլը: Հիմա, փաստորեն, դրժո՞ւմ են մեր պայմանավորվածությունը»:



«Դելֆինարիումն ամեն դեպքում կառուցվելու է, ո՞րը կլինի Ձեր հաջորդ քայլը» հարցին Թաթիկյանը պատասխանեց. «Հաջորդ քայլը կլինի այն, որ եթե Դելֆինարիումը կառուցողները, քաղաքապետարանը չսահմանափակվեն արդեն պարսպապատված տարածքով եւ իրենց ձեռքերն այդ տարածքից դուրս հանեն, ապա ես կգնամ հաջորդ քայլին, կընտրվի պայքարի նոր փուլ. ես իմ փոխզիջումը հետ կվերցնեմ, կպահանջեմ ապամոնտաժել Դելֆինարիումը եւ կդիմեմ աշխարհի բոլոր էկոլոգիական կազմակերպություններին: Այսինքն իմ պայքարը կմտնի ավելի ակտիվ փուլ: Ես պատրաստ եմ գնալ ընդհուպ մինչեւ ցմահ հացադուլի եւ ջրադուլի»:



Մեզ անհասկանալի մնաց, թե ի՞նչ տարբերություն՝ Դելֆինարիումը պարսպի մե՞ջ են կառուցում, թե՞ առանց պարսպի: Ի՞նչ է փոխվում դրանից, եթե Պանթեոնի մի հատված պարսպապատում են ու ներսում ինչ-որ բան կառուցում: Մյուս կողմից՝ երբ Թաթիկյանը խոսում է «պայմանավորվածությունը դրժելու» մասին, ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը՝ Սերժ Սարգսյանն ու Հասմիկ Պողոսյանը նրա հետ պայմանագի՞ր են կնքել, ձեռքն Աստվածաշնչի վրա դրած երդվե՞լ, մի քանի մարդու ներկայությամբ խոստո՞ւմ են տվել, եւ այդ մարդիկ հիմա կարող են դրա մասին վկայել: Վերջապես, Դելֆինարիումի կառուցման հարցը հացադուլի պատճառ դարձրած եւ մեկ օր սոված մնալուց հետո այն դադարեցրած երգահանն ի՞նչ ունի դելֆինների դեմ եւ ինչո՞ւ է վարկաբեկում պայքարի այս ազնիվ մեթոդը: