Իշխանության ֆառաշը կրակ է գցել, խալխն էրվում ի

Իշխանության ֆառաշը կրակ է գցել, խալխն էրվում ի
ՀՀ Ազգային ժողովը մի քառօրյա էլ գլորեց պատմության գիրկը: Մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն օրակարգ մտցնելու հարցը հետաձգեց 15 օրով, մի շարք նախագծեր, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին» նախագիծը եւ «Լեզվի մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգեց 60 օրով, իսկ ահա կառավարության ներկայացրած հարկային փաթեթը քննարկեց առանձնակի ջանասիրությամբ:



Փաթեթն ազգընտիրներին ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Քանի որ ԱԺ-ում հասարակության շահը ոչ ոք չի ներկայացնում, որովհետեւ այն գրավել է մոնոպոլիզացված տնտեսության հիմնական կազմը, որը նաեւ համարվում է խոշոր հարկատու, բնական էր, որ օրակարգում պիտի հաստատվեր ոչ թե «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրինագիծը, այլ իրենց շահերին բախվող փաթեթը: Այդ շահերի ֆառաշն (հարկահավաք-ծառան) էլ ամենայն լրջությամբ մի կես ժամ ճառում էր, որ այս օրինագիծը կարեւոր է նրանով, որ հաշվապահներին ազատում է հարկային մարմիններում հաշվետվություն ներկայացնելիս երկար հերթեր  կանգնելու դարդից:



ՊԵԿ պետի տեղակալը, վկայակոչելով եվրոպական քաղաքակրթության փորձը, հավաստիացնում էր, որ դրանք կարելի է ներկայացնել էլեկտրոնային փոստով: Ինչ-որ մեկը, դեմքը չտեսա, որովհետեւ լրագրողների խցից դեմքերը չեն երեւում, հարցրեց, թե բա գյուղերի հաշվապահնե՞րն ինչ են անելու, եթե համակարգիչ չունեն, ու ֆառաշն առաջարկեց զինել նրանց համակարգիչներով ու մոտակա կետերից ինտերնետ քաշել: Փաթեթի մնացած կետերի մասին չխոսեց, որովհետեւ նախ այդ մասին լրագրողները կլսեին ու իր համար անցանկալի հետեւություններ կանեին:



Հետո էլ մեր խորհրդարանը վաղուց խոսելու տեղ չէ, ու յուրաքանչյուր օրինագիծ, այն էլ՝ կառավարության հեղինակած, ընդունվում է առանց քննարկումների, որովհետեւ պատգամավորների ճնշող մեծամասնությունը ժամանակ չունի ընթերցելու այդ օրինագծերն ու ժողովրդի ասած՝ ընթերցանության հետ էլ ընդհանրապես սեր չունի: Հարկային փաթեթն իրականում ժողովրդի գլխին պիտի դառնա հերթական պատուհասը, որովհետեւ առանց այդ էլ կոշտ հարկային քաղաքականությունը դարձնում է անտանելի: Ճիշտ հաշվարկած լինելով միջին վիճակագրական հայի հոգեբանությունը, այդ փաթեթի հեղինակներն ի դեմս Ալավերդյանի, որոշել են ավտոմեքենա ունենալու  մարմաջով տառապողներին զրկել իրենց երազանքից ու վերադարձնելով իրականություն, նրանց ստիպել կաշվից դուրս գալ ու գնել այն, ինչ իրենք են առաջարկում:



Այսինքն՝ որոշել են արգելել Վրաստանից ավտո ներմուծել կամ ներմուծելու դեպքում թալանել տիրոջն ու բաց թողնել: Ինչպես գիտենք, անզոր լինելով գնել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները, մեր երկրի քաղաքացիները գերադասում են դրանք ձեռք բերել Վրաստանից, քանի որ այնտեղ էժան է: Իսկ ի՞նչ են անում ՀՀ մաքսավորները: Պատռում, թափում են մեքենայի գինը հաստատող ինվոյսը ու հայտարարում, որ այն մեր շուկայում արժե... իրենց հորինած գինը եւ պահանջում վճարել այդ գնի համապատասխան տոկոսը: Հնարամիտ ժողովուրդն այդ բեսպրեդելից խուսափելու ելք է գտել ու մեքենան չի մաքսազերծում, այլ Հայաստանում վարում է վրացական համարանիշներով:



Բայց մաքսավորներն էլ են մեր հնարամիտ ժողովրդի ծոցից ելած ու դեռ մի բան էլ ավելին՝ իշխանություն ունեն: Ուստի տեղյակ լինելով վերոնշյալ աճպարարությունից, իրենց իշխանությանն օրենքի զորություն են ուզում հաղորդել: «Ճիշտն ասած, վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնականում մեր ժողովուրդը ձգտում է թանկ ավտոմեքենա ներմուծելիս վճարումները չկատարել, մի տարի հետաձգել, որպեսզի ավտոմեքենայի գինն ընկնի, հետո էժան գներով ավելի քիչ հարկեր վճարել պետական բյուջե»,-բացատրեց ֆառաշը:



Մեր հարցին, իսկ ինքը վերլուծություններ չի՞ կատարել պարզելու համար, թե ինչու են Հայաստանի քաղաքացիները գերադասում ավտոմեքենա գնել Վրաստանից, Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Դա ՀՀ բոլոր քաղաքացիներին չի վերաբերվում, այլ միայն տասը հազար քաղաքացիների, որոնք օգտվելով նրանից, որ այն կարելի է ձեւակերպել Վրաստանում, որովհետեւ խոչընդոտ չկա, այնտեղ են ձեւակերպում: Իսկ եթե մենք այդ հարցը օրենքով կարգավորենք, այդ հնարավորությունից նրանք չեն օգտվի»: Մեր հարցին, թե իր ասած օրենքով ինչպե՞ս են կարգավորելու այդ հարցը, Ա. Ալավերդյանը պատասխանեց. «Ֆիզիկական անձը ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն ներմուծելու պահից 10 օրվա ընթացքում պիտի մուծի հարկը»:



Փորձեցի հակադրվել, թե ինչո՞ւ են խստացնում օրենքն ու թանկացնում առանց այդ էլ թանկ գնով ապրող մարդկանց կյանքը: «Եթե թանկ է, թող չներմուծեն կամ Հայաստանում գնեն ավելի էժան մեքենա»,- խոստովանեց կառավարության ֆառաշը: Իրականում Հայաստանի քաղաքացուն տեղի մոնոպոլիստի առաջարկած էժան գնով մեքենան Վրաստանում արժե կրկնակի էժան, պարզապես մաքսակետում հաստատված թալանը հասցված է այն աստիճանի, որ գնորդի վրա նստի այն գինը, ինչ գնով առաջարկվում է այստեղ: Այդ դեպքում անիմաստ է դառնում Վրաստան հասնելը, ու մարդը ստիպված է լինելու գնել մոնոպոլիստի առաջարկածը: