Սահմանախախտ թուրքն ասուլիսից հետո ձերբակալվել է

Սահմանախախտ թուրքն ասուլիսից հետո ձերբակալվել է
«Քանի որ այսօր ասուլիսի ընթացքում Բեքլևիչը հայտարարություն է արել, որ հատել է հայ–թուրքական սահմանը, նրան հրավիրել են ԱԱԾ պարզաբանումներ տալու համար»,– Tert.am–ին ասել է ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվի Բագրամյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Ankara գործակալությունը, վկայակոչելով Բեքլևիչի խորհրդական Մուրադ Աքսուին,  հաղորդել էր, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը Երևանում ձերբակալվել է։



Աքսուն ասել է, որ Բեքլևիչին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին ձերբակալել են հայկական հատուկ ծառայությունները Երևանում կայացած մամուլի ասուլիսից անմիջապես հետո։ Նրա խոսքով՝ ինքը երկար ժամանակ է, ինչ Բեքլևիչից տեղեկություն չունի։ Tert.am–ը փորձել է կապվել Բեքլևիչի հետ, զանգին պատասխանել է թուրքական պատվիրակության անդամներից մեկը, որը հաստատել է Բեքլևիչին բերման ենթարկելու մասին տեղեկությունը՝ հրաժարվելով ներկայացնել այլ մանրամասներ։



Tert.am-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Թունա Բեքլևիչն ու նրա կուսակիցները, ի նշան հայ-թուրքական փակ սահմանի դեմ բողոքի, հատել էին Թուրքիայի հետ սահմանը և մտել Հայաստան: Այդ մասին անձամբ հայտարարել էր Բեքլևիչը: Թուրքական կողմի այդ պնդումները հերքել էր Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեևը։ Սակայն Բեքլևիչն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում վերահաստատել էր, որ իրենք հատել են սահմանը։