Թատրոն ՀՌԱՀ-ում

Թատրոն ՀՌԱՀ-ում
Այն, ինչ այս օրերին կատարվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային կոչվող հանձնաժողովում, դժվար է այլ կերպ անվանել, քան ծաղր հասարակության եւ միջազգային հանրության հասցեին: Տարիներ շարունակ էլեկտրոնային լրատվամիջոցների եւ ընդհանրապես՝ մամուլի դաշտն ազատականացնելու, պետական կառույցների ազդեցությունից զերծ պահելու, չվերահսկվող եւ հասարակական պահանջները բավարարող հեռուստատեսություն ստեղծելու պահանջներին մեր իշխանությունը վերաբերվել է ինչպես ռուսական հայտնի «Վասկա» կատուն, որը լսում էր եւ շարունակում ուտել: Պարզվեց, որ միանգամայն անիմաստ են օրենքում փոփոխություններ կատարելու, տարբեր հանձնաժողովներ ստեղծելու, դրանց անդամների նշանակման կարգը փոփոխելու փորձերը: Ի վերջո, վճռական պահին, երբ որոշվում է, թե առաջիկա տարիներին ով է հայտնվելու հեռուստադաշտում, մեր իշխանությունը եւ նրա դրածո ամալյանները հմտորեն կառավարում են իրավիճակը: Նախ, սահմանում են կապուղիների եւ լրատվական ուղղվածության այնպիսի ցանց, որն իրենց է ձեռնտու: Ապա նախապես հրահանգում են, թե ով որ կապուղու համար պետք է դիմի, եւ ամեն մրցույթի համար հայտնվում է ընդամենը մեկ հայտատու, որը մրցույթի հայտարարման պահից սկսած՝ դե ֆակտո հաղթող է: Այս մանիպուլյացիաներն այնպես հմտորեն են կատարվում, որ անգամ ընդդիմադիր «Ա1+»-ն է ընդունում խաղի կանոնները եւ դիմում բացառապես այն կապուղու համար, որտեղ մի փոքրիկ շանս է տեսնում հաղթելու: Հետո սկսվում է թատրոնը՝ մրցութային փաթեթները, որոնք այլընտրանք չունեն, բացվում են եւ ներկայացվում հանրությանը: Իսկ մենք՝ լրագրողներս, այդ ամենը եռանդով լուսաբանում ենք ու ներկայացնում որպես իրական մրցույթ: Ոչ հասարակությունն է սրա դեմ ընդվզում, ոչ լրագրողները, ոչ էլ ընդդիմությունը: