Խոսքն ընդամենը 100 միլիոն դրամի մասի՞ն է

- Պարոն Հարությունյան, մամուլում հրապարակվել է, որ Ձեր եկամուտներն աճել են 45 անգամ: Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ եք արել, ո՞նց եք հաջողացրել նման աճ արձանագրել: Դուք հասարակությունից թաքցնելու բան չունեք, չէ՞:
- Ընդհանրապես ես ոչ մի բան հասարակությունից չեմ թաքցնում: Համապատասխան հայտարարագիր ենք լրացրել, հանձնել ենք հարկային տեսչությանը, եւ այստեղ որեւիցե թաքցնելու խնդիր չկա:
- Իսկ ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
- Եթե հայտարարագիրը նայեիք, ինքներդ կտեսնեիք: Ես դեռեւս 1990 թվականից մինչեւ 99 թվականը ձեռնարկատիրական գործունեությամբ եմ զբաղվել եւ տարբեր տիպի ձեռնարկություններում փայատիրական իրավունքներով նաեւ մասնակցություն եմ ունեցել եւ այդ ձեռնարկություններից բնականաբար նաեւ շահույթներ ենք ստացել, ինչը ես օրենքով սահմանված կարգով նաեւ ձեւակերպել եմ եւ հայտարարագիր եմ ներկայացրել: Ես այս պահին ձեռնարկատիրական գործունեությամբ չեմ զբաղվում, սակայն այն ունեցվածքը, ինչ որ ես ունեցել եմ մինչեւ պատգամավոր դառնալը, այդ ձեռնարկություններից բնականաբար ես շահույթներ եմ ունենում: Ամեն տարի այդ շահույթները հաշվարկվում են, օրենքով սահմանված կարգով վճարվում է շահութահարկ եւ այլն, մնացած շահույթները հայտարարագրվում են:
- Հասարակությանը նաեւ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչով են զբաղվում այդ ձեռնարկությունները:
- Ճանապարհաշինարարություն, շինարարություն, սպասարկման ոլորտ:
- Ձեր նշած ընկերությունները հիմնականում Եղվարդո՞ւմ են, թե՞ նաեւ Երեւանում:
- Հիմնականում Երեւանում են: Եղվարդում ունենք ճանապարհաշինարարական ձեռնարկություն, որը շատ լավ հագեցած է տեխնիկական միջոցներով:
- Քանի որ խոսքն անցյալ տարվա եկամուտների մասին է, ուզում եմ հարցնել՝ այս տարի քանի՞ անգամ եք ակնկալում ավելացնել Ձեր եկամուտները:
- Այս տարվա արդյունքները դեռեւս չենք ամփոփել: Եթե հետաքրքրված եք, կարող եք մասնակից լինել արդյունքների ամփոփմանը եւ կտեսնեք, թե դա ինչպես է տեղի ունենում: Ընդհանրապես ես տեսնում եմ շատ ավելի դրական մաս, երբ որ դու քո ամբողջ գործունեությունը թափանցիկ ես դարձնում, հայտարարագրում ես: Բնականաբար եթե ցույց ես տալիս շահույթ, նաեւ վճարում ես հարկ:...
Կարծում եմ՝ էստեղ մեծ թվերի մասին չի խոսքը: Որքան որ հիշողությունս չի դավաճանում, 100 մլն դրամի մասին է խոսքը: ...Ճգնաժամը մեզ վրա ազդել է, նախորդ տարիներին շահույթ չենք ունեցել, այդ տարի շահույթ ենք ունեցել, մեր շահույթներն օրինական ձեւակերպել ենք:
- Պարոն նախարար, Դուք վերջերս 10 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի պայմանագիր կնքեցիք Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ, եւ ֆոնդի պատասխանատուն արտառոց կերպով հիացած էր Ձեր հյուրասիրությամբ եւ ընդունելությամբ...
- Դուք դրա համար պետք է միայն ուրախ լինեք, որ մենք կարողանում ենք միջազգային կառույցների հետ աշխատել: Մենք հյուրընկալել էինք Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի խորհրդի նախագահին եւ այստեղ մենք իսկապես շատ ծրագրեր ունենք, որ իրականացնելու ենք այս հիմնադրամի հետ: Այդ հիմնադրամին անդամակցում է շուրջ 160 երկիր:
- Եվ ինչպե՞ս եք պատրաստվում ծախսել այդ 10 մլն-ն:
- Այդ դրամաշնորհն օգտագործվելու է բնապահպանական ծրագրերի համար՝ հողերի դեգրադացիա, շրջակա միջավայրի պահպանություն, նաեւ Սեւանա լճի խնդիրների, թունաքիմիկատների հետ կապված: Բավական լուրջ ծրագրեր ունենք:
Կարծիքներ