Ազատազրկման մեջ գտնվող խմբագիրը դադարեցրել է հացադուլը

Ազատազրկման մեջ գտնվող խմբագիրը դադարեցրել է հացադուլը
«Իրական Ադրբեջան» եւ «Գյունդելիկ Ադրբեջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը դադարեցրել է հացադուլ-բողոքի ակցիան, որը սկսել էր հոկտեմբերի 19-ին: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մեխման Սադիգովը: Նրա խոսքով, կալանավորված խմբագրի առողջական վիճակը բավարար է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նշենք, որ Էյնուլլա Ֆաթուլլաեւը հացադուլ էր սկսել իր գործով Եվրոպական դատարանի կայացրած որոշման չկատարման կապակցությամբ:



Ապրիլի 22-ին Եվրադատարանը գլխավոր խմբագրին անմիջապես ազատ արձակելու որոշում էր կայացրել, Ադրբեջանի կառավարությունը բողոքարկել էր այս որոշումը Եվրադատարանի Մեծ պալատ, սակայն պալատը բողոքը չէր ընդունել: Ադրբեջանը մինչ օրս չի կատարում Եվրադատարանի որոշումը: Հիշեցնենք, որ թերթերի գլխավոր խմբագիրը 2007 թվականին դատապարվել է 8.5 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության սպառնալիքի, էթնիկական ատելություն հրահրելու եւ հարկերից խուսափելու համար: Իսկ 2009 թվականին նրա նկատմամբ եւս մեկ քրեական գործ էր հարուցվել թմրանյութեր պահելու կապակցությամբ, որի արդյունքում լրագրողի ազատազրկումն ավելացվեց եւս 2.5 տարով: