Լոռու մարզում հողը սկսել են քիչ մշակել

Լոռու մարզում հողը սկսել են քիչ մշակել
Հոկտեմբերի 29-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը։ Օրակարգում 4 հարց էր։ Նիստին ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար  Սվետլանա Ստեպանովան, որն էլ պետք է զեկույց կարդար Ռուսաստանի Դաշնության աշխատանքային միգրացիայի նոր օրենսդրության մասին:



Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Լոռու մարզում 2010 թվականի գյուղատնտեսական աշխատանքներին եւ բերքահավաքի ընթացքին։ Նախորդ տարվա ցանքի ցուցանիշները նվազել են, պակաս է ցանվել աշնանացան ցորենը. «Գարնանացանի հացահատիկը նախորդ տարի կազմել էր 3 հազար 241 հա, այս տարի՝ 2 հազար 140 հա, կարտոֆիլն այս տարի ցանվել  էր 3 հազար 851 հա, իսկ նախորդ տարի՝ 4 հաար 540 հա, շուրջ 100 հա պակաս է ցանվել նաեւ բանջարեղենը»։ Բացի այդ, հուլիս-օգոստոս ամիսներին շուրջ 1,5 ամիս երաշտ եղավ։



Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը հորդորեց գյուղապետերին, որ աջակցեն գյուղացիներին, նրա խոսքով՝ գյուղացին գնալով դադարում է զբաղվել հողագործությամբ։ Խոպանացած հողը կրկին շարք վերադարձնելը շատ դժվար է լինում։ Նշվեց նաեւ, որ մարզի 5 համայնքներում արձանագրվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ, առայսօր անկվել է 488 գլուխ խոզ։ Գյուղապետերին հետաքրքրում էին մթերվող կաթի էժան գինը, գայլերի հարձակումները, հեղուկ պարարտանյութի թանկությունը։ Արամ Քոչարյանն ամեն 15 րոպեն մեկ զգուշացնում էր գյուղապետերին լռություն պահպանել։ Օրակարգի երկրորդ հարցը բնականաբար վերաբերում էր համայնքների եկամուտների հավաքագրման աշխատանքներին ու պարտքերին։



Պարզվեց, որ 2010-ի 9 ամիսների կտրվածքով եկամուտների հավաքագրումը 3659,6 մլն-ի փոխարեն կատարվել է 3363,7 մլն դրամով։ Վարչական բյուջեի եկամուտների պլանը մարզում կատարվել է 91,8 տոկոսով՝ նախորդ տարվա 85,2-ի դիմաց։ Մարզպետը նշեց, որ մինչեւ համայնքապետերը լիովին չիրականացնեն հավաքագրումները, եկող տարում ոչ մի ծրագիր թույլ չի տալու իրականացնել: Նա փոխմարզպետներին հանձնարարեց, որ ամենավատ ցուցանիշ ունեցող 2-ական համայնքի ներկայացնեն անվստահության ցուցակում։ Այսինքն՝ գյուղապետերին պաշտոնանկ անեն:



Օրակարգի վերջին՝ 4-րդ հարցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ջուրը կյանք է» ծրագրի շրջանակներում Լոռու մարզային «Մարաթոն-դրամահավաք 2010» կազմակերպելու մասին էր։ Այն կայանալու է նոյեմբերի 24-ին։ Անցած տարի մարզի 113 համայնքներից միայն մի քանիսն են մասնակցել դրամահավաքին, այն էլ խիստ ձեւական, փոխանցելով 5 հազար դրամ։ Մարզխորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2010-ի դեկտեմբերի 24-ին։