Փոխտնօրեն Սիրունյանն իր գրպանից է վճարել

Ասում են, «Շենգավիթ» բժշկական կենտրոնը տնօրեն, Երեւանի գլխավոր բժիշկ-մանկաբարձ գինեկոլոգ Սերգեյ Ուռումյանի ընտանեկան բիզնեսն է, ֆինանսական գծով փոխտնօրենը՝ Աշոտ Սիրունյանը, Ուռումյանի քրոջ որդին է, որդու կինը Երեւանի ճարտարապետ Սամվել Դանիելյանի դուստրն է, որը, որոշ տեղեկությունների համաձայն, հոր շնորհիվ տարածք է նվեր ստացել հիվանդանոցի կողքին, որտեղ էլ պատրաստվում են նոր մասնաշենք կառուցել: Այս ընտանեկան միջավայրում էլ նեղ անձնական հարցերի շուրջ հասունացել է կոնֆլիկտը տնօրինության ու Ք. Վ.-ի միջեւ, որից հետո նա որոշել է հեռանալ աշխատանքից:
Հեռացել է՝ պահանջելով աշխատանքային գրքույկը, ինչն իրեն հանձնել են դատարկ: Հենց այստեղ էլ բացահայտվել են Ուռումյանների` սեփական բյուջեն լցնելու անօրինական եղանակները: Պարզվել է, որ Ք. Վ.-ն երկու տարի այդ հիմնարկում աշխատել է առանց իրավական հիմքի՝ առանց հրամանի ու ձեւակերպման, չնայած, իր հավաստմամբ, հենց սկզբում իրենից պահանջել են բոլոր փաստաթղթերը, ինչը ներկայացրել է: Սակայն աշխատանքային գրքույկը դատարկ ստանալուց հետո հասկացել է, որ իրեն խաբել են, ինքն այդքան ժամանակ ստորագրել է անօրինական մատյանում, որը նախատեսված է եղել չգրանցված աշխատողների համար, հիմնականում սկսնակների ու թոշակառուների:
Իսկ այս ցուցակով աշխատողները ֆինանսավորվում են իրենց «կլիենտուրայի» հաշվին, այսպիսով հիմնարկն ունենում է շահույթ, սակայն ազատվում է հարկային տուրքերից: «Ութ ամիս աշխատելուց հետո ես ներկայացրեցի բոլոր փաստաթղթերը, փոխտնօրենն ասաց, որ քո հրամանը տրված ա, դու օրինական աշխատող ես, այսինքն՝ ես հրամանագրված եմ օրենքով նախատեսված կարգով եւ իմ աշխատանքային գրքույկում կատարվում է համապատասխան նշումը,- պատմեց Ք. Վ:- Այդ ամբողջ ժամանակահատվածում փաստացի աշխատել եմ հիվանդանոցում, կատարել եմ վիրահատություններ, հերթապահություններ, ստացել բարձր աշխատավարձ՝ 265-365 հազար դրամ, սակայն որեւէ իրավական հիմք ստեղծված չի եղել»:
Այս մատյանի մասին պարզվել է դատարան դիմելուց հետո, սակայն դատարան են ներկայացրել օրինական մատյանը՝ հայտարարելով, որ Ք. Վ.-ն իրենց աշխատողը չի եղել, հետեւաբար չէր կարող գրանցված լինել: Դատարանը հայցը մերժել է, նա բժշկական կենտրոնի մեքենայությունների ու ապօրինությունների մասին ահազանգել է դատախազություն, որն էլ Պետեկամուտների կոմիտեին հանձնարարել է զբաղվել այս գործով: Թեեւ ՊԵԿ հետաքննիչները մի շարք փաստաթղթեր են հայտնաբերել՝ որպես ապացույց, սակայն նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել:
Ինչը կայացնելիս ոչ թե հիմք են ընդունվել բժշկական կենտրոնի կողմից կատարված մեքենայությունների մասին Ք. Վ-ի ներկայացրած ապացույցները, այլ ընկերության հարկային պարտավորությունների ու պետբյուջեի փոխհարաբերությունները: Կարճ ասած, Ուռումյանների լծակների շնորհիվ ՊԵԿ հետաքննական մարմինը, ըստ Ք.Վ.-ի ներկայացուցչի, խախտել է քրեական դատավարության օրենսգրքի 185-186-րդ հոդվածների դրույթները: Ինչն էլ ստիպել է նախօրեին բողոքարկել ՊԵԿ հետաքննական մարմնի որոշումը: Թեեւ փորձում են պարտակել բժշկական կենտրոնում բացահայտված անօրինությունները, այնուամենայնիվ տուժող կողմը չի դադարում պայքարել:
Այս գործի առնչությամբ լսեցինք նաեւ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ուռումյանին. «Ոչ մի ասիստենտ չի կարող աշխատանքային գրքույկ ունենալ, նա որպես կոնսուլտանտ ա եղել մեզ մոտ: Իրան փոխտնօրեն Սիրունյանն ա իր գրպանից վարձատրել: Ես իր հետ նույնիսկ չեմ էլ քննարկել իրեն աշխատանքի ընդունելու թեման»: Իսկ անօրինական մատյանի գոյությանն անդրադառնալով՝ շարունակեց. «Եկել, նայել, հարցրել են, բայց ոչ մի անօրինական մատյան չի եղել, Աշոտ Սիրունյանն է տվել իր գրպանից, ես չգիտեմ ինքը ինչ է ստորագրել: Իմ աշխատանքային մատյանում ինքը չի եղել որպես աշխատող: Իր գրքույկի մեջ չէր էլ կարող որեւէ բան լիներ, որովհետեւ ինքը մեր աշխատողը չի եղել:
Աշխարհում մարդիկ որ սովորում են, իրանք են փող տալիս, իսկ էստեղ ինքը կոնսուլտանտ ա եղել ու էդքան փող ա ստացել, իրան ոչ ոք չի խոստացել աշխատանքի ընդունի: Հիվանդանոցը իրան մի կոպեկ չի տվել»: Այսպես չքմեղանալով` Երեւանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը ինքնավստահ հայտարարեց, որ իր կենտրոնում չի կարող ընդունվել մեկը, որին ինքը չի ուզում. «Էս հիվանդանոցում ես չեմ ընդունում մարդկանց, որոնց չեմ ուզում»:
Կարծիքներ