Այրել են, թե հրդեհվել է

Վերջին օրերին Քաջարանի ոստիկանությունում հարցաքննվել է Լեռնաձոր գյուղի մոտ 40 տղամարդ։ Ըստ գյուղացիների, ոստիկաններն ու քննիչները հարցերի միջոցով ուզում են ուղղորդել բնակիչներին, որ «մեղքը վերցնեն իրենց վրա»: Սակայն տարբեր վարկածներ են շրջանառվում: Չի բացառվում, որ մեքենան հրդեհված լինի կայծակից, մեկ այլ վարկածով՝ մեքենան աշխատեցնողները մոտակայքում կրակ են վառել տաքանալու համար, ու հետո կայծից բռնկվել է մեքենան: Միաժամանակ ոստիկանները փորձում են լեռնաձորցիներից ճշտել՝ արդյո՞ք մասնակցել են ուրանի հանքերի դեմ ստորագրահավաքին։ «Սաղ մարզն ա ստորագրում, դա ի՞նչ կապ ունի»,- դժգոհում են լեռնաձորցիները։
Սյունիքի քննչական վարչության պետի տեղակալ Աշոտ Ասրյանի տեղեկատվության համաձայն, հորատող սարքի հրդեհման փաստի առնչությամբ ՀՀ քր. օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով՝ «գույքի դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով», գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։ Հակաուրանյան շարժումը նախաձեռնած ՀԿ-ների պատասխանատուներն աշխատում են զերծ մնալ որեւէ մեկնաբանությունից: Նրանց խոսքով, իրենք շարժվում են ՀՀ օրենսդրությամբ ու արդեն տեսական քայլերից անցնում են գործնականի:
Նոյեմբերի 11-ին նրանք Կապանում անցկացնելու են խաղաղ երթ` ընդդեմ Սյունիքում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների եւ ուրանի հանքի հնարավոր շահագործման: Լեռնաձորցիների մեծ մասի խոսքով, նրանք չեն պատրաստվում լքել իրենց տները, մի մասն էլ ասում է՝ փոխհատուցում տան, տեղափոխվենք այլ բնակության վայր։ Լեռնաձորի դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանի խոսքով, այս ձորում ծնված երեխաները մտքի հապաղում են ունենում։
«Գյուղում բոլորը համարյա առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Որոշ բույսեր աստիճանաբար վերանում են: Պատկերացրեք, որ երբ սկսվեն երկրաբանահետախուզական լայնածավալ աշխատանքները, ինչ կստացվի»,-ասում է տնօրենը։ Լեռնաձորցիները մի հարցից էլ են մտահոգ։ Հետախուզական աշխատանքների համար հարթեցվել է մոտ 400 մետր երկարությամբ տարածք, կառուցվել է ճանապարհ։ Աշնանային հորդառատ անձրեւներից հնարավոր է այդ ճանապարհահատվածը սողա՝ վտանգելով անմիջապես ներքեւում գտնվող մոտ 20 առանձնատների գոյությունը։
Կարծիքներ