Գայլերը քիչ էին, հիմա էլ արջերը

Գայլերը քիչ էին, հիմա էլ արջերը
Լոռու մարզի Հալավար համայնքը, որ սահմանակից է Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին, ենթարկվում է ոչ միայն գայլերի, այլեւ արջերի հարձակման։  Գյուղում հաշվառված է 280 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ «Մեր գյուղը շատ հարմար է անասնապահության համար, անասունների կորուստներ ենք ունենում, իսկ անասնապահներն էլ վախենում են գայլերի ու արջերի հարձակումից»,-ասում է Հալավարի համայնքապետ Սարգիս Հակոբջանյանն ու ավելացնում. «Այս տարվա մեջ Հալավարում գրանցվել է գիշատիչների հարձակման 8 դեպք, որից երկուսը՝ արջի հարձակում, մնացած դեպքերը գայլերի հարձակումներ են եղել, որից գյուղացին շատ է բողոքում»։



Իսկ մարզպետարանն ու համապատասխան գերատեսչությունները տեղյա՞կ են, գյուղապետը պատասխանեց. «Հարցը միշտ էլ բարձրացրել ենք մարզխորհրդի նիստերին: Անցած տարի որսորդները եկել են, այս տարվա մեջ ոչ մեկը չի եկել»։



Հալավարում գայլերի հարձակման վերջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի վերջին, գայլերը հոշոտել էին 4 գլուխ խոշոր եղջերավոր անասունների։ Գյուղապետն ասում է, որ եթե նախորդ տարիներին գայլերը հարձակվում էին միայն սարերում կամ անտառներում, այժմ նրանք հանգիստ գյուղ են իջնում։ Հոկտեմբերի 29-ին Լոռու մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ, երբ գյուղապետերը կրկին մարզպետին ներկայացրին գայլերի հարձակման փաստը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը նրանց հիշեցրեց, որ գյուղապետերն արտակարգ իրավիճակների հիմնադրամին չմարված պարտքեր ունեն:



Պարզվում է, մարզպետարանին կից արտակարգ իրավիճակների հիմնադրամ է ստեղծվել, որը եւ կազմակերպում է գայլերի ոչնչացման աշխատանքները: Գյուղապետերը դեմ չեն վճարել, սակայն իրենք էլ պայման ունեն. «Փող կտանք այն ժամանակ, երբ մեզ ցույց տան խփած գայլի մորթին»։ Գայլերի խնդիրը Լոռու մարզում լուրջ խնդիր է դարձել, մի քանի տարի առաջ էլ գայլերն իջել-հասել էին Վանաձորի կենտրոնական «Տաքսիներ» կոչվող թաղամաս, որսորդներն այստեղ էին նրանց սպանել։