Վարդան Հարությունյան. Իշխանությունների ծանր բեռը

Ես ուղղակի վստահ եմ, որ հասարակական ճնշումների ու մեր պայքարի, ինչպես նաեւ քաղբանտարկյալների տոկունության արդյունքում իշխանություններն անկասկած ստիպված են լինելու բոլորին ազատ արձակել: Ոչ միայն ազատ արձակել, այլեւ նրանցից ներողություն խնդրել ու փոխհատուցել, եթե, իհարկե, նրանք շարունակեն իշխանավարել այդքան երկար: Ես չեմ կարող ասել, թե հստակ ինչ է նշանակում իշխանությունների այս քայլը, որովհետեւ նրանց քայլերն այնքան անտրամաբանական են, որ որեւէ մեկը չի կարող վերլուծել նրանց գործողությունները:
Կարծում եմ, որ սրանք ուղղակի հարկադիր քայլեր են, որին իշխանությունները դիմում են, քայլեր, որ նրանք չեն ցանկանում անել, բայց ստիպված են անել: Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ այդ քայլերը շատ ավելի շոշափելի ու ռեալ կլինեն: Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել, որովհետեւ նրան այլեւս չէին կարող պահել բանտում, ճիշտ այնպես, ինչպես ազատ կարձակվեն մնացած բոլորը, որովհետեւ նրանց էլ այլեւս չեն կարող պահել բանտերում: Իշխանությունների հնարավորությունների զինանոցն արդեն սպառվում է: Քաղբանտարկյալ պահելը շատ դժվար բան է 21-րդ դարում: Քաղբանտարկյալներ պահում են Չինաստանի պես երկրում, Իրանի պես երկրում: Հայաստանը պատրա՞ստ է դրան, Չինաստանի եւ Իրանի ռեսուրսներն ունի՞: Իհարկե ոչ: Քաղբանտարկյալ պահելը շատ ծանր «հաճույք» է, եւ այս իշխանությունները, փաստորեն, մտան այդ գործի տակ եւ չեն կարող երկար այդպես շարունակել:
Վարդան ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
ՀՀ քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող
Կարծիքներ