Կադրային ջարդից մինչեւ հանրային ջարդ մի քայլ է

Կադրային ջարդից մինչեւ հանրային ջարդ մի քայլ է
Մինչ հասարակական-քաղաքական հարթությունում զվռնող «մտքի գիգանտները» երրորդ ուժի հավանականության մասին տեսություններ են մթնոլորտ նետում, հասարակության քթի տակ աճում է եւս մի ուժային կառույց՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մինչեւ վերջերս այն ընդամենը վարչության մակարդակի հաստատություն էր, որի ղեկավարները կուսակցական քվոտայով քաղաքական դաշտի աղբանոցը նետվածների կարգավիճակով էին պահպանում իրենց նշանակությունը: Դժվար է ասել, թե հատկապես ում գաղափարը եղավ այդ հաստատությունը կուսակցական քողի տակ ռազմականացնելը, բայց այն պահից, երբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանին վերածեցին ՕԵԿ-ականի ու այս տարվա մարտին նշանակեցին նախարար, կառույցը սկսեց թափ առնել:



Այդ հզորացման խորհրդանիշը եղավ բլից արագությամբ կառուցված ու ամենայն շուքով բացված նախարարության շենքը, նրա շուրջ գերատեսչական քաղաք ձեւավորելու հեռանկարով: Մինչ օրս հայտնի չէ, թե այդ ու հեռանկարային մյուս շենքերը ի՞նչ գումարներով  են երկինք հառնում: Հայտնի է միայն, որ այդ գաղափարը կյանքի կոչելու ծրագրերին մասնակցում են օլիգարխներ: Միայն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը նվիրաբերել է 100 միլիոն դրամ:



ՄԿԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇ



«Մեր հանրապետության բոլոր նորաստեղծ կառույցներն ու համակարգերը, նաեւ պաշտպանության նախարարությունը, ամբողջովին համալրված է ոստիկանական կադրերով, որովհետեւ դա եղել է միակ կառույցը, որտեղ մարդիկ սպայական ճանապարհ են անցել, ստացել են լավ կրթություն եւ որտեղ մարդիկ կարողացել են ոչ միայն հրամանով աշխատել, այլեւ ուղեղով եւ ամենակարեւորը՝ եղել է կարգապահություն»,- ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի պետ Նիկոլայ Գրիգորյանն այսպես պատասխանեց հարցիս, թե ինչո՞ւ է նախարարությունը վերցրել ոստիկանական կադրերով համալրվելու կուրս:



Նա նշեց, որ Արմեն Երիցյանի մեծ փորձառությունը ոստիկանական համակարգում եւ այն հանգամանքը, որ իրավաբանական գիտությունների դոկտոր է, դրական ազդեցություն ունի կառույցի կայացման գործում: Նաեւ շատ կարեւորեց նախարարի ֆիզիկական պատրաստվածությունը՝ «Ես շատ երկար եմ սպասել, որ այդպիսի ղեկավար ունենամ: Նա ֆիզիկապես շատ պատրաստված է՝ ստորջրյա լողով է զբաղվում, մեր հանրապետության դահուկավազքի ֆեդերացիայի նախագահն է, շատ ուժեղ դահուկ է քշում, ձյուդոյի վարպետ է: Նա բոլորից էլ պահանջում է զբաղվել սպորտով, որովհետեւ հիվանդ մարդը նվնվան է լինում: Այսօր նա իր դուխով բոլորի համար ճանապարհ է բացում ու իրա հետեւից միշտ չէ, որ վազելով կարող ես հասնել»:



Այս չափանիշները գալիս են հաստատելու այն մտավախությունը, որ Հայաստանում իշխանություն պահելու համար ձեւավորվում է լրացուցիչ ուժային մի կառույց, որի «փրկարարները» պիտի լինեն ֆիզիկապես առողջ՝ կերկոխ, ամրակազմ ու կարգապահ, պատրաստ կատարելու դուխով շեֆի հրամանը՝ երկրում եւս մի արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ջարդել հանրությանը, ինչպես արեցին այդ նախարարի նախկին կառույցի ֆիզիկապես պատրաստվածները՝ 2008-ի մարտի 1-ին: Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ նախարարության նոր շենքի կողքին պիտի կառուցվի մեկ այլը՝ 9 հարկանի, որտեղ պիտի մոբիլիզացնեն կառույցի բոլոր ստորաբաժանումները եւ որտեղ շատ լավ պայմաններ պիտի ստեղծեն աշխատողների համար՝ տեխնիկապես հագեցած սպորտային դահլիճներ ու ճաշարաններ, որտեղ նրանք կկարողանան ընդունել ճարպերով ու վիտամիններով հագեցած սնունդ, ընդամենը 700 դրամով:



«ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍՅԱՆ ԳԻՇԵՐՎԱ» ՕՐԻՆԱԿՈՎ



Նորանշանակ նախարարը նախ իր ուժը ցուցադրեց  ներսում, իրականացնելով «բարդուղիմեոսյան ջարդ», որը մամուլում ստացավ «կադրային ջարդ» անվանումը: Այժմ էլ խոսում են այն մասին, որ Երիցյանը լարվել է իր տեղակալ Հայկարամ Նահապետյանի հետ միայն այն պատճառով, որ նա ընդունելի է ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության կողմից: «Նրանք, ովքեր տարածում են այդ լուրերը, գուցե ցանկություն ունեն թշնամացնել այդ մարդկանց: Բայց ինձ թվում է, որ դա եւ քաղաքական նպատակ կարող է հետապնդել, եւ անձնական:



Մեկը ՕԵԿ-ն է, մյուսը՝ Հանրապետականը, այդ պատճառով էլ ինչ-ինչ մարդիկ փորձում են պղտորել հարաբերությունները, որն ի դեպ, շատ ջերմ է»,-պարզաբանեց Նիկոլայ Գրիգորյանը եւ նշեց, որ այս կառույցը քաղաքականացված չէ: Մեր հարցին, թե այդ դեպքում ի՞նչ անհրաժեշտություն կար նախարարին կուսակցության շարքերն ընդունելը եւ միթե լինելով կուսակցական պորտֆել, այն չի ենթադրում տվյալ կուսակցության քաղաքական ծրագրերի իրականացման հնարավորություն, Նիկոլայ Գրիգորյանը պատասխանեց՝ «Դուք տալիս եք հարցեր, որոնց պատասխանները ես չպիտի տամ:



Բայց զեկուցեմ՝ ես շատ ուրախ եմ, որ այսօր ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի պես մեկը կարողանում է տեր կանգնել այն խնդիրներին, որը կոչվում է անվտանգություն, որը կոչվում է արտակարգ իրավիճակներ եւ ընդհանրապես՝ մարդկանց անվտանգության խնդիրներ, գրագետ եւ պրոֆեսիոնալ: Ես ուրախ ու հպարտ եմ, որ ՕԵԿ ներկայացուցիչ Արմեն Երիցյանը այսօր իմ նախարարն է, որն ունի կառավարման ունակություններ ու հմտություններ: Այդ մարդն ունի տեսլական եւ գիտի, թե որ ճանապարհով գնա, որ հասնի իր տեսլականին»: Եվ քանի որ հստակ է, որ նրա տեսլականը չի կարող չլինել ԱԽՔ-ի տեսլականը, պարզից էլ պարզ է, որ երրորդ ուժի գաղափարն ունի կոնկրետ, բայց ոչ թե քաղաքական, այլ բառացիորեն ուժային հիմքեր: