Դեռ ինչեր ենք տեսնելու

Դեռ ինչեր ենք տեսնելու
Որքան շատ է վարկաբեկվում կուսակցությունների գաղափարը, այնքան եռանդուն են հայաստանյան կուսակցությունները զբաղվում քաղաքական գործունեությամբ եւ մարդորսությամբ: Այն, ինչ անում են մի քանի կուսակցություններ, այլ կերպ կոչել հնարավոր չէ: Դա շատ նման է Եհովայի վկաների կամ տարբեր աղանդների կողմից հոգեորսությանը: Խնդիրն այսպես է դրված. որքան հնարավոր է շատ մարդ ընդունել իրենց շարքերը եւ դա որքան հնարավոր է շատ լուսաբանել-ցուցադրել: Իսկ դրա ձեւն էլ, բնականաբար, հեռուստատեսությունն է, որը զբաղված է թաքնված քաղաքական գովազդով: Այս պարագայում ստացվում է, որ հարյուրավոր մարդիկ 2010 թվին մտնում են «Բարգավաճ Հայաստան» եւ մյուս կուսակցությունների շարքերը: Ինչպես քաղաքական գործիչներից մեկն էր երեկ ասում՝ փաթեթով: Դժվար է ասել, թե այդ տեսարանն ինչ ազդեցություն է թողնում շարքային հեռուստադիտողի վրա: Հնարավոր է, որ մարդիկ տհաճություն են զգում եւ մտածում են, որ այս մարդիկ կերակրատաշտ են փնտրում կամ ինչ-որ կենցաղային խնդիրներ ունեն, որոնց լուծումը տեսնում են Գագիկ Ծառուկյանի իմպերիային անդամագրվելու մեջ: Չի բացառվում, սակայն, որ մտածում են՝ այս ի՜նչ հզոր ու անկասելի ուժ է ձեւավորվում, սրա առաջը Սերժը ո՞նց է առնելու: Կա նաեւ տարակուսանք. մարդկանց մեջ դեռ հավատ է մնացել որեւէ կուսակցության եւ ընդհանրապես կուսակցական անդամատոմսի նկատմամբ: Եվ վերջապես հարց. Հայաստանում այսքան անկուսակցական մնացե՞լ էր, թե՞ սրանք օրը մի կուսակցություն փոխող, տանը մի քանի անդամատոմս ունեցողներն են, որոնք ըստ անհրաժեշտության են օգտագործում դրանք: Մի բան պարզ է, որ ազգի համատարած կուսակցականացման գործընթացը շարունակվում է եւ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ դեռ ինչե՜ր ենք տեսնելու: