Մեկ շաբաթ է՝ ճոպանուղին չի աշխատում

Մեկ շաբաթ է՝ ճոպանուղին չի աշխատում
Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար՝ «Տաթեւի թեւեր» ճոպանուղին կանգնած է։ Մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 23-ին, Տաթեւի ճոպանուղու տարածքը մարդաշատ էր։ Բոլորն ուզում էին տոմս գնել, որպեսզի վայելեն այդ հաճույքը։ Պատմում են, որ իշխանությունները հորդորել էին համայնքների ղեկավարներին՝ պարտադիր տոմս առնել, որպեսզի մեկնարկը բարով լինի։ Սակայն ճոպանուղու հանդիպակաց վագոնիկները անսպասելիորեն մնացել են օդում կախված։ Հալիձորից եկող վագոնիկի մեջ է եղել նաեւ Սյունիքի մարզպետն ընտանիքի անդամներով, մտերիմներով, իսկ Տաթեւից գնացողի մեջ շարքային քաղաքացիներ են եղել։



«Երբ կանգնեց, մտածեցինք, որ երեւի ծրագիր է, պետք է հիանանք բնությամբ։ Բայց 10 րոպեից հասկացաք, որ մի բան էն չի։ Ճիշտն ասած, կանայք ու երեխաները վախեցան, նույնիսկ վատացողներ եղան»,-պատմում է օդում մնացած կապանցի Գառնիկ Հակոբյանը։ Անսարքությունը  վերացվել է մոտ 45 րոպե անց։ Ուղեւորությունը կիսատ է մնացել: Տաթեւից դուրս եկածները վերադարձել են Տաթեւ, Հալիձորից ուղեւորվողները՝ Հալիձոր։ Տաթեւցիների խոսքով, կարճ ժամանակում կառուցված ճոպանուղու սարքավորումները չեն համապատասխանում գորիսյան խստաշունչ ձմռանը ու «վարի են քեցալ»։



Հալիձոր-Տաթեւ ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում  նշեց, որ ճոպանուղին չի գործելու մոտակա 4 օրերին։ «Սա պայմանավորված է ձմեռային եղանակային պայմաններին անցնելու համար նախատեսված տեխնիկական աշխատանքներով»,-ասաց նա։ Ընդհանուր առմամբ, ըստ Տ. Ղազարյանի, ճոպանուղին գտնվում է աշխատանքային վիճակում, եւ նշված միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել տարեկան 2 անգամ՝ ձմեռային եւ ամառային ռեժիմներին անցնելու ժամանակ։



«Հսկող համակարգի վերածրագրավորման աշխատանքների ավարտից հետո ճոպանուղին կվերսկսի իր կանոնավոր աշխատանքը»,-հավաստիացրեց կառավարիչը։ Չնայած ժամանակավոր դադարին,  տաթեւցիները համոզված են, որ ճոպանուղին կփոխի ոչ միայն գյուղի, այլեւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակը։ «Բացի էն, որ հարստանալու ենք, զարգանալու ենք։ Սա մոստ ա դեպի ժամանակակից աշխարհը»,-ասում են գյուղացիները։ Բայց կան նաեւ վատատեսներ, որոնք համոզված են, որ 50 միլիոն դոլարն անիմաստ ծախս է եղել, որ ճոպանուղու սարքավորումները հարմարեցված չեն մեր էներգահամակարգին, եւ անսարք աշխատանք ապահովել չի հաջողվելու: