Մեկ ամսից ՍԴՀԿ նոր կուսակցության համագումարն է

Մեկ ամսից ՍԴՀԿ նոր կուսակցության համագումարն է
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության պառակտված թեւերի միջեւ ընթացող դատական վեճն ավարտվեց նոր կուսակցության ծնունդով: Գեւորգ Պերկուպերկյանի թեւը պատրաստվում է համագումարի, նոր կուսակցություն են գրանցելու, մեկ ամսից էլ համագումար են անելու: Այսուհետ կոչվելու են ոչ թե ՍԴՀԿ  պերկուպերկյանական թեւ, այլ Հնչակյան սոցիալ-դեմոկրատ կուսակցություն: Ընդամենը բառերի տեղափոխությամբ նոր կուսակցության հիմնումը այս իրավիճակում լավագույն լուծումն են համարում: Հիշեցնենք, որ 2009 թվականից 124-ամյա կուսակցությունը պառակտվեց թեւերի:



Հայ ազգային կոնգրեսի կազմում մնաց Լյուդմիլա Սարգսյանն իր թիմակիցներով, իսկ մի մասն էլ՝ Շիրխանյան, Նարեկ Գալստյան, Պերկուպերկյան ու այլք,  սփյուռքի աջակցությամբ շարունակեց իր գործունեությունը նոր ատենապետով: Սակայն որոշ ժամանակ անց այս թեւը դատի տվեց Լյուդմիլա Սարգսյանին՝ պահանջելով կուսակցության կնիքն ու այլ փաստաթղթեր: Դատական երկու ատյանում էլ հայցը մերժվեց՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով: Սփյուռքին հարող թեւը  հայտարարեց, թե դատական բոլոր ատյաններով կփորձի մինչեւ վերջ պայքարել ու վերականգնել իր խախտված իրավունքները, բայց երբ բանը հասավ դատական երրորդ ատյանին, նրանք որոշեցին իրավիճակային լուծում գտնել, այսինքն՝ գրանցել նոր կուսակցություն:



Նշենք, որ այս անվանական փոփոխությունը կրելու է միայն հայաստանյան կառույցը: Այսինքն՝ ՀԱԿ-ին հարող թեւն ու համաշխարհային հնչակյանները թեեւ հակառակորդներ են, սակայն մնում են ՍԴՀԿ, իսկ Պերկուպերկյանի թեւը կոչվելու է ՀՍԴԿ: Կուսակցության այս որոշման առնչությամբ մի քանի հարցեր ուղղեցինք  Հնչակյան սոցիալ-դեմոկրատ կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանին: Մեր հարցին, թե ինչու կանգ առան այս որոշման վրա, պատասխանեց. «Հաշվի առնելով ներկա քաղաքական վիճակը, ՍԴՀԿ շուրջ վերջին ամիսների դավերը, քարոզչական գրոհը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն այլեւս որոշել է գնալ իրավիճակային լուծման, այն է՝ ունենալ նոր իրավաբանական գրանցում, որն անմիջականորեն եւ ուղղակիորեն շարունակելու  է 124 տարվա գործունեությունը»:



Արդյո՞ք  այս որոշումը չի նշանակում պարտություն Լյուդմիլա Սարգսյանի հետ դատական գործընթացում, հարցրինք մամուլի խոսնակից: Վերջինս բավականին ուշագրավ պատասխան տվեց: Պարզվում է՝ զուգահեռ շարունակվելու է խախտված իրավունքների վերականգնման համար պայքարը: «Դա չի նշանակում, որ կուսակցությունը հրաժարվում է իր օրինական իրավունքներին տեր լինելուց: Այդ օրինական իրավունքներին  հանիրավի տեր կանգնածները վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց բոլոր արարքների համար: Այս ընթացքում էլ շարունակվում է դատական գործընթացը, մենք չենք դադարեցնում դատական գործընթացը»,-ոգեւորվեց Նարեկ Գալստյանը: Ավելին՝ հույս հայտնեց, որ մի օր հետ են վերադարձնելու իրենց իրավունքները: Եթե իսկապես դա տեղի ունենա, ի՞նչ եք անելու, վերադառնալու եք նախկին անվանմա՞նը՝ նորագույն ՀՍԴԿ-ն վերափոխելով ՍԴՀԿ-ի, հետաքրքրվեցինք երիտասարդ հնչակից: Որքան էլ տարօրինակ է, Նարեկ Գալստյանի պատասխանը եղավ՝ «այո», ապա հավելեց, որ սա «ընդամենը ժամանակավոր լուծում է»: