7-ի կեսը 4 է՞

7-ի կեսը 4 է՞
Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանի փոխանցմամբ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի որոշումը վիճարկելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բողոքը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կքննի նոյեմբերի 8-ին: Նիստի նախագահողը դատավոր Սուրեն Մնոյանն է: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետը յոթ տարին համաներման կիրառման արդյունքում բաժանելով երկու մասի` որոշել էր, որ Փաշինյանը պետք է կրի 3 տարի 10 ամիս 29 օր՝ 3 տարի 6 ամսվա փոխարեն:



Նիկոլ Փաշինյանն էլ թվաբանությունից հեռու ՔԿՀ պետին դատի է տվել եւ պահանջում է, որ դատարանը ՔԿՀ պետի փոխարեն կատարի այդ պարզ թվաբանական գործողությունը: Հավելենք նաեւ, որ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած դատական առաջին նիստը հետաձգվել էր: Թե ինչով է պայմանավորված պատժաչափի նման հաշվարկը, Վահե Հովսեփյանը չնշեց՝ խուսափելով  քաղաքական հայտարարություն անելուց: Զուտ իրավական տեսանկյունից դա օրենքի սխալ մեկնաբանության արդյունք  է:  Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ պայմաններում է գտնվում այսօր «Հայկական ժամանակի» խմբագիրը՝ արդյոք նրա նկատմամբ բերդում կիրառվող ճնշումները շարունակվո՞ւմ են: Փաստաբանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ամեն ինչ կարգին է ու որեւէ խնդիր չկա: