Քաղբանտարկյալների ձեռը կրակն են ընկել

Քաղբանտարկյալների ձեռը կրակն են ընկել
Նոյեմբերի 2-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները եւ ՀՀՇ վարչությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ժամանել էին Վանաձոր` Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի գրասենյակ։ Նպատակը նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանին վաղաժամկետ ազատման առիթով շնորհավորելն էր ու ՀԱԿ-ի տեղի ակտիվիստների հետ հանդիպելը։ Նշենք, որ  քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցած դեպքերից հետո, նրան մեղադրում էին ոստիկանի նկատմամբ ծանր հետեւանքներ առաջացրած բռնության կիրառման մեջ, ինչի համար էլ դատապարտեցին 5 տարվա ազատազրկման: Նա բանտում անցկացրեց  2 տարի 8 ամիս։ Հիշեցնենք նաեւ, որ Աշոտ Մանուկյանը «Վանաձոր» ՔԿՀ-ից հոկտեմբերի 29-ին ազատ էր արձակվել, կրելով պատժաչափի մոտ կեսը։



Մեզ հետ զրույցում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ այսօրվա իշխանությունների համար լուրջ խնդիր է քաղբանտարկյալ ունենալը, քանի որ, ըստ նրա, մի կողմից Հայաստանի հասարակությունը դա չի հանդուրժում, մյուս կողմից էլ՝ միջազգային հանրությունը. «Հայաստանի իշխանությունները իրենք քաղբանտարկյալների ձեռքը կրակն են ընկել, հասկացանք, քաղաքական իրավիճակ էր, պետք էր ինչ-որ կերպ հանդարտեցվեր, դուք բռնության ճանապարհը ընտրեցիք, 10 հոգու սպանեցիք, 100 հոգու ձերբակալեցիք ու լցրեցիք բանտերը, բայց մենք էլ ձեզ շատ չսաստեցինք, որովհետեւ աշխարհաքաղաքական պրոբլեմներ կան»: Բայց արդեն դրված է ժողովրդի  պատվի հարցը. «Միջազգային հանրությունները հանդուրժել են Եվրախորհրդի անդամ մի երկիր, որտեղ կան քաղբանտարկյալներ: Սա արտառոց երեւույթ է, որը չպետք է լինի»։



Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները հիմա փորձում են ամեն կերպ ազատվել այս ամենից։ Իսկ քաղբանտարկյալների վաղաժամկետ ազատման մասին ՀԱԿ նախագահը նշեց. «Հիմա իրենք ընտրել են այսպիսի ճանապարհ, չեն ուզում միանգամից արմատապես հարցը լուծել, մի անգամ արեցին կիսատ-պռատ, հիմա էլ էսպես զուտ իրավական մեխանիզմներով՝ մեկին մեկ երրորդի սկզբունքը կիրառելով, մյուսին՝ կեսի սկզբունքը, ինչպես Աշոտ Մանուկյանի դեպքում, երրորդին մի այլ պատճառ կգտնեն, ասենք՝ հիվանդության, երեխաներ ունի, ծնողները ծեր են եւ այլն։ Պիտի ինչ-որ ձեւերով այդ մարդկանց ազատեն»։



Իսկ նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ շարունակելու է նույն ռազմավարությամբ, եւ որ քաղբանտարկյալներին ազատելով՝ իշխանություններն իրենց համար տեղ են բացում: «Մեզ ազատում են, որ իրենց մեր տեղը լցնեն ու թող բերդերը լավ նորոգեն, որ հերթը իրենցն է»,-նշեց Աշոտ Մանուկյանը։