Ես պատրաստ եմ

Ես պատրաստ եմ
«Պետությունը, որ հաշտվում է այն բանի հետ, որ բյուրոկրատիան իր շահերի համար բանտում է պահում տասնյակ ձեռնարկատերերի, հիվանդ պետություն է։ Երկիրը, որը վստահում է միայն բյուրոկրատիային, հիվանդ երկիր է: Ես չեմ ուզում ապրել բանտում, առավել եւս՝ մահանալ այնտեղ, սակայն եթե պետք լինի, ես պատրաստ եմ»,- երեկ իր վերջին խոսքում ասել է «Յուկոս» ընկերության նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին, որն արդեն յոթ տարի ազատազրկված է ֆինանսական չարաշահումների մեղադրանքով եւ այդ ամբողջ ընթացքում տղամարդկային տոկունության ու արիության օրինակ է ծառայել։ Իսկ ի՞նչ անուն կարելի է տալ այն մարդկանց, որոնք պետական պաշտոնն ու անսահմանափակ իշխանությունն օգտագործում են ուրիշներին ստրկացնելու, ազատությունից, հարստությունից, կյանքից զրկելու համար: Նման մարդիկ իրավունք չունեն իշխանության մեջ լինելու, քանզի դա, ինչպես տեսնում ենք, հանրորեն վտանգավոր է: Պետք չէ ռուսական իրականության մեծ գիտակ լինել՝ հասկանալու համար, որ այդ երկրում իշխում են հասարակության համար վտանգ ներկայացնող անձինք. Խոդորկովսկու եզակի օրինակը բավական է, որպեսզի նման եզրակացության հանգես: Պետք չէ թափանցել հայաստանյան իշխանությունների խոհանոցն ու սպեկտրալ անալիզի ենթարկել նրանց. եթե Նիկոլ Փաշինյանը եւ մի տասնյակի չափ մարդիկ, որոնց միակ մեղքը հանրահավաքներ կազմակերպելն ու դրանց մասնակցելն է, իշխանափոխության կոչեր անելն ու իշխանափոխություն երազելը, բանտերում են, կնշանակի մեր երկիրը «հիվանդ երկիր է», իսկ իշխանությունը՝ հիվանդ իշխանություն: Յոթ տարի անկոտրում բանտում անցկացրած Խոդորկովսկին դուրս կգա այնտեղից, ինչպես մի քանի ամսից (կամ տարուց) դուրս կգան Նիկոլն ու մյուսները, բայց երկրի երեսից խարանն արագ չի ջնջվի: