Նորից եկան տեսան Դյորունց Ծյորումը...

Նորից եկան տեսան Դյորունց Ծյորումը...
Կրկին ղոնաղներ են եկալ Ղարաբաղ, ազատագրված, բայց ամայի պահվող տարածքների սար ու ձորերը չափչփելու նպատակով: Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մոնիտորինգ են անցկացնելու: Ղարաբաղի տարածքից գիծը կդիտարկեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնականներ Ժասլան Նուրտազին  ու Վիլյամ Պրայորը, իսկ ադրբեջանական կողմից՝ Անտալ Հերդիչը եւ Խրիստո Խրիստովը:



Այս իրողությանը եթե հայկական կողմը վերաբերվում է որպես հերթական մի բանի ու բացի փաստը արձանագրելուց այլ ուշադրության չի արժանացնում, ադրբեջանական կողմը, լինելով հետեւողական, գործում է հանուն հեռահար նպատակների՝ իր ճնշված, օկուպացված ու ագրեսիայի ենթարկվածի կարգավիճակը հաստատող զեկույցների ու հազար ու մի այլ  փաստաթղթերի տրցակին եւս մեկը ավելացնելու խնդիր է լուծում, որովհետեւ յուրաքանչյուր դիտարկումից հետո մոնիտորինգի խումբը հանդես է գալիս զեկույցով, որում արձանագրում է, թե որ կողմը քանի անգամ է խախտել հրադադարը, եւ դրա հանրագումարի արդյունքում գնահատում՝ պահպանվո՞ւմ է կամ հնարավո՞ր է պահպանել արդյոք status quo,  թե՞ ոչ:



Հենց այս պատճառով է, որ հատկապես շփման գծում իրականացվելիք դիտարկման ժամկետից առաջ Ադրբեջանը սկսում է վայնասուն բարձրացնել հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Վերջինը եղավ հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը, երբ Ադրբեջանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ  հայկական կողմը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում 15 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Հայկական լրատվական կայքերում, սակայն, այդ լուրը արձանագրվեց կրավորական, անորոշ ձեւակերպմամբ՝ «արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 15 դեպք»:



Արդյո՞ք ԼՂ եւ ՀՀ ՊՆ պրոպագանդիստներն այնքան ազնիվ են, որ չեն դիմում Ադրբեջանի մեթոդներին ու չեն գրում, որ ադրբեջանական կողմն է խախտել, թե՞ իրոք խախտել ենք մենք, բայց որ չխոստովանենք, դիմում ենք կրավորական ձեւին: Սա թերեւս աներեւակայելի վարկած է, որովհետեւ տրամաբանությունը հուշում է, որ հայկական կողմին ի սկզբանե ձեռնտու չէ խախտել հրադադարը այն պարզ պատճառով, որ չունի տարածքային հավակնություններ, վաղուց հաղթած ու իր դիրքերն ամրացրած կողմ է եւ չպետք է ուզենա խաթարել առանց այդ էլ խաթարված հեղինակությունը:



Բայց ելնելով տարածաշրջանի ամենամարտունակ բանակի գերագույն գլխավոր հրամանատարի բանակցային վարքագծից, չպետք է նաեւ զարմանանք, եթե պարզվի, որ նույնիսկ այս հարթությունում է պղտորել ջրերը, իր չհայրենիք Աղդամը վերջնականապես զիջելու մտայնությամբ: Հանուն արդարության պիտի նշենք, որ  պաշտոնական Ղարաբաղի «մարտավարությունն» այս հարցում զարմանալիորեն տարբերվում է Հայաստանինից: Ճիշտ է, հրադադարի խախտման մասին ադրբեջանական տեղեկատվությանը երբեք ինքնուրույն չեն արձագանքում, բայց ի պատասխան հակառակորդի տարածած լուրերը ճշտելու՝ Հայաստանի լրագրողների հարցումներին, ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, որպես կանոն, հաստատում է խախտման մասին փաստը եւ տեղեկացնում, որ  կրակոցներն արձակել են ադրբեջանցիները, եւ իրենք պարզապես ձեռնարկել են  պատասխան գործողություններ, որից հետո հակառակորդը լռել է:



Զոհերի մասին էլ խոսում են միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ դրանք կան, ընդ որում՝ հայկական կողմից, ու տեղեկությունը կոծկելու հնարավորությունը կորցրած, փորձում են հավաստիացնել, որ, ասենք, Ադրբեջանը չափազանցրել է եւ զոհերի քանակությունը ավելի շատ է նշել, քան իրականում կա: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը Ալիեւի հետ հանդիպմանը շատ լուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել, այլեւս հայկական կողմի համար կարեւորվել է այդ հրաձգությունների հետեւանքով զոհվածների դիակները փոխանակելու հարցը: