Գրադարանների խղճուկ վիճակի մասին պետությունը նոր է հիշել

Գրադարանների խղճուկ վիճակի մասին պետությունը նոր է հիշել
Այսօր Հայաստանում մոտ 1600 գրադարան կա, որոնցից միայն 16-ն է մշակույթի նախարարության ենթակայության տակ: Մյուսները մարզային կամ համայնքային ենթակայության են, իսկ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքով գրադարանների խնդիրները համայնքային իշխանությունների կամային լիազորությունների շրջանակում են ներառված, ուստի, գրադարանային ոլորտն ամենավերջին պլան է մղված՝ թե ֆինանսավորման, թե ընդհանրապես ցանկացած ուշադրության տեսանկյունից: Ամենաաղետալի վիճակում համայնքային գրադարաններն են` զրկված նորմալ շենքային պայմաններից, ջեռուցումից:



Էլ չենք խոսում համալրման մասին: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի խոսքով, «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսով ընթացող ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում սարսափելի փաստեր ի հայտ եկան:  «Գյուղական գրադարանների պատասխանատուների էնտուզիազմի շնորհիվ գրադարանները մի կերպ գոյություն էին քարշ տալիս: Կադրեր կային նույնիսկ, երբ գյուղի գրադարանն ու հավաբունը նույն միջավայրում էին»,-նշեց Լիլիթ Գալստյանը: Գրադարանների աղետալի վիճակը` ոմանց կարծիքով, պայմանավորված է Հայաստանում ոլորտը կարգավորող օրենքի բացակայությամբ:



Պետությունը կարծես թե փորձում է այդ հարցը կարգավորել: Դեռ 2009-ի ապրիլի 27-ին,  «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» կառավարության ներկայացրած օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Իսկ այսօր Լիլիթ Գալստյանի առաջարկով տեղի կունենան «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» եւ «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի  վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Լսումներին հրավիրված են ոլորտի ներկայացուցիչները՝ թե համայնքային, թե մարզային, թե գերատեսչական գրադարանների ղեկավարներն ու աշխատակիցները: «Ոլորտը շատ բարձիթողի վիճակում է, գրադարաններն այսօր շատ ոտնձգությունների են ենթարկվում: Գրադարանների 90 տոկոսը չի համալրվում, չի ջեռուցվում:



Մի խոսքով, խայտառակ վիճակ է: Գերատեսչական, բուհական գրադարանների խնդիրը կա: Հուսանք, որ լուրջ քննարկում կլինի եւ մեր մշակութային ժառանգության մի մասի՝ գիրք-գրքային տնտեսության խնդիրներին որոշակի լուծում կտրվի»,-նշեց Լիլիթ Գալստյանը: Պատգամավորը հիշեցնում է, որ 2012-ին Հայաստանը կտոնի գրատպության 500 ամյակը, եւ նման լուրջ ավանդույթ ու ժառանգություն ունեցող ոլորտն օրենսդրություն չունի: Լիլիթ Գալստյանն ասաց, որ կառավարության ներկայացրած ելակետային նախագիծը «սարսափելի խոցելի» է եւ բոլոր հարցերի պատասխանները չի տալիս: Չնայած այս հանգամանքին, էլի առաջընթաց է այն, ինչ ներկայացվել է, եւ այսօրվա քննարկման ժամանակ փորձ է արվելու հնարավորինս տեսքի բերել նախագիծը՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի մոտեցումները:



Իսկ ընդհանրապես, պատգամավորի կարծիքով՝ այսօր Հայաստանում մշակույթը սոցիալական մարգինալ վիճակում է հայտնվել, իսկ գրադարանային ոլորտն առավել եւս լուսանցքային վիճակում էր: 2011-ի բյուջեով թեեւ նախատեսվում է մոտ 15 տոկոսով բարձրացնել գրադարանների աշխատողների աշխատավարձերը, բայց միջին աշխատավարձը 57 հազար դրամ է կազմելու:  Մինչեւ հիմա գրադարաններ կան, որտեղ 32 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ինչը պատգամավորը ողբալի է համարում եւ նկատում է, որ գրադարանը գյուղի համար թերեւս միակ մշակութային օջախն է: