Արժանի գիտնականին ոչ արժանի գնահատական

Արժանի գիտնականին ոչ արժանի գնահատական
Այս տարի փետրվարին լրացավ թերապեւտ, սրտաբան, բժշկության պատմության մասնագետ, պրոֆեսոր, ՀՍՍՀ ԳԱԱ եւ ՍՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեւոն Հովհաննիսյանի ծննդյան 125 ամյակը: Սակայն ոչ մի տեղ, առավել եւս պետական մակարդակով չնշվեց հայ գիտնականի հոբելյանը: 1920 թվականին, երբ մալարիայի համաճարակը ողողել էր Հայաստանը, Լեւոն Հովհաննիսյանը ստեղծել է հակամալարիայի կոմիտե, որն ինքն է ղեկավարել եւ ծրագրված պայքար կազմակերպել համաճարակի տարածման դեմ: Արդյունքում նա մալարիայի դեմ պայքարի նոր մեթոդ է առաջարկել, ինչն էլ նպաստել է համաճարակի իսպառ վերացմանը:



Լեւոն Հովհաննիսյանը  1919 թվականին առաջին անգամ Հայաստանում բացել է ֆելդշերական դպրոց: Նա նաեւ բժշկական համալսարանում բացված պրոպեդեւտիկայի ամբիոնի հիմնադիրներից է, այն ղեկավարել է 48 տարի: Անվանի բժիշկը եղել է ՀՀ ԳԱԱ եւ Սովետական Միության բժշկության ակադեմիայի առաջին անդամը եւ բավական երկար ժամանակ Սովետական Միության միակ ներկայացուցիչը Միջազգային բժշկության ակադեմիայում: Ավելին՝ 1956թ. Նոբելյան մրցանակների կոմիտեից դիմել են նրան՝ Սովետական Միությունից Նոբելյան մրցանակի թեկնածու ներկայացնելու հարցով: Լեւոն Հովհաննիսյանն էլ առաջարկել է Օրբելու թեկնածությունը: Ակադեմիկոսը մասնակցել է նաեւ Սարիղամիշի պատերազմին եւ ստացել Սուրբ Աննայի եւ Սուրբ Ստանիսլավի շքանշաններ:



Նա է աշխարհում առաջին անգամ նկարագրել երկու հիվանդություն՝ խրամատային տենդը եւ երեւանյան հիվանդությունը: Վերջինը միայն 9 տարի անց է նկարագրվել Եվրոպայում: Լեւոն Հովհաննիսյանը շուրջ 400 գիտական աշխատությունների եւ 50 մենագրությունների հեղինակ է: Հատկապես արժեքավոր է նրա հեղինակած «Հայ բժշկության պատմությունը» հինգհատորյակը, որտեղ նկարագրված է  հայ բժշկության պատմությունը հին դարերից մինչեւ մեր օրերը: Լեւոն Հովհաննիսյանը հեղինակել է նաեւ ռուս-հայերեն բժշկական բառարանը, տիրապետել է 12 լեզվի: Նա է հիմնադրել Տրոպիկական ինստիտուտը, որը հետագայում դարձավ Վիրուսաբանության ինստիտուտ, ինչպես նաեւ Ֆիզիոթերապիայի եւ Սրտաբանության ինստիտուտները:



Սակայն նշվածներից եւ ոչ մեկը, ցավոք, չի կրում անվանի գիտնականի անունը: Միայն Սրտաբանության ինստիտուտն է մինչեւ 2005 թվականը կրել Լեւոն Հովհաննիսյանի անունը, իսկ դրանից հետո դադարել է կոչվել նրա անունով: Լեւոն Հովհաննիսյանը բոլոր բնագավառներում հետք է թողել: Նա է բժշկական հոգեբանության հիմնադիրը: Գիտնականի առաջարկով առաջին անգամ ուսումնասիրվել են մեր հանքային ջրերը: Լեւոն Հովհաննիսյանը նաեւ իսկական քաղաքացի է եղել: 1948թ. Մոսկվայում, Ստալինի ներկայությամբ, նա բացեիբաց խոսել է մեր ազգային կորուստներից: Թեպետ այս տարի լրացավ ակադեմիկոսի 125 ամյակը, սակայն մինչ օրս նրա մասին ոչ մի խոսք չի հնչել, ոչ մի միջոցառում պետական մակարդակով չի կազմակերպվել:



Անհասկանալի եւ տարօրինակ է պետության այս անտարբերությունը մի մարդու հանդեպ, ով այդքան վաստակ ունի իր ազգի, հայ եւ համաշխարհային բժշկության պատմության մեջ: Վերջերս՝ հոկտեմբերի 8-ին, մի խումբ գիտնականներ, ակադեմիկոսներ, բժշկական ողջ էլիտան բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին: Նամակում նշված է 3 խնդրանք՝ Սրտաբանության ինստիտուտը վերանվանել Լեւոն Հովհաննիսյանի անունով, Երեւանի որեւէ փողոց անվանակոչել նրա անվամբ եւ պետական մակարդակով նշել մեծ գիտնականի հոբելյանը: Նախագահականից պատասխանել են, որ նամակն ուղարկել են կառավարություն, իսկ կառավարությունից էլ, թե՝ ստացել են նամակը: Սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չի եղել: