Ի սկզբանե աղավաղված տվյալներ

Ի սկզբանե աղավաղված տվյալներ
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակի նվազագույն սպառողական զամբյուղը: Միջին գներով այն կազմել է 43,5 հազար դրամ, իսկ պարենային զամբյուղը՝ 28 հազար դրամ: Այս ցուցանիշները նախորդ եռամսյակի համեմատ ավելացել են: Նվազագույն սպառողական զամբյուղը՝ 2 հազար 500 դրամով կամ 6 տոկոսով, իսկ պարենայինը՝ 1500 դրամով կամ 5,6 տոկոսով։ Փաստորեն, վիճվարչության հաշվարկներով՝ ՀՀ քաղաքացիները 43,5 հազար դրամի սահմաններում կարող են եւ սնվել, եւ կոմունալ վճարները հոգալ, եւ հագնվել, կինո կամ թատրոն գնալ, չհաշված այլ՝ չնախատեսված ծախսերը:



Իհարկե դժվար է պատկերացնել, թե հայաստանցին ամենօրյա գնաճի («Հրապարակը» գրել էր, որ խանութներում հերթական գնաճն է արձանագրվել՝ 20-30 դրամով թանկացել են թթվասերը, կաթը, կաթնաշոռը, իսկ պանրի գինը ռեկորդ է սահմանել՝ 1400-1500-ից հասնելով 2100-2200 դրամի) եւ գազի սակագնի սպասվող նոր թանկացման պայմաններում ինչպես պետք է տեղավորվի 43,5 հազարի մեջ, եւ որքանով են իրատեսական այն հաշվարկները, որ կատարում է վիճվարչությունը:



«Ժողովրդի իշխանություն» շարժման համակարգող, տնտեսագետ, վիճակագրության վարչության պետի նախկին տեղակալ Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ վերջին տարիներին Ազգային վիճակագրական ծառայությունը սպառողական զամբյուղը կազմելիս Համաշխարհային բանկի մեթոդաբանությունն է կիրառում, որը հիմնվում է տնային տնտեսություններում անցկացված հետազոտությունների տվյալների վրա: Տնտեսագետը կարծում է, որ այդ մեթոդաբանությամբ հավաքագրված տվյալներն ի սկզբանե աղավաղում են պարունակում, որովհետեւ տնային տնտեսություններն իրենց ծախսած միջոցները պակաս են ցույց տալիս:



«Ինչպես տնտեսության մեջ ստվերը կա, այնպես էլ մարդկանց մոտ կա իրենց եկամուտները ցույց տալու ստվերը, վախը, որ կարող է իմանան, որ ինքը շատ եկամուտ ունի: Հետեւաբար այն սպառումը, որ իրականում կա տնային տնտեսության մեջ, ավելի քիչ են ցույց տալիս»,-ասում է տնտեսագետը: Տվյալ պարագայում Ազգային վիճակագրական ծառայությունն իրական սպառողական բյուջեն հաշվելու համար նախ պետք է այդ ստվերի չափը գնահատի: Մյուս խնդիրը, ըստ Մովսես Արիստակեսյանի, այն է, որ  ցույց է տրվում, թե իբր լայն սպառման ապրանքներն էժան գներով են ձեռք բերվում:



Որպես օրինակ՝ պարոն Արիստակեսյանը նշեց կարտոֆիլը, որի մեկ կիլոգրամն այդ բյուջեում 40 դրամով է հաշվարկվում, մինչդեռ այն արժե 250 դրամ: «Միայն այս պարզ հարաբերակցությունը ցույց է տալիս, որ ի սկզբանե հավաքագրվող տեղեկատվությունն արդեն արժանահավատ եւ ամբողջական չէ»,-շարունակում է տնտեսագետը: Մովսես Արիստակեսյանը սպառողական զամբյուղի հաշվարկման մյուս մեթոդաբանական խնդիրը համարում է այն, որ ոչ պարենային զամբյուղը շատ ցածր գործակցով են բազմապատկում, ինչն աբսուրդ է: «Միջազգային չափանիշներով պարենային զամբյուղը եկամուտների առնվազն 25 տոկոսը պետք է լինի, մնացածը այլ՝ հոգեւոր, մշակութային, ոչ պարենային ապրանքների համար նախատեսված ծախսերը պետք  է լինեն»:



Որպես հիմք ընդունելով հրապարակված պարենային զամբյուղը՝ 28 հազար դրամը, եւ առաջնորդվելով միջազգային չափանիշներով, տնտեսագետը հաշվարկեց, որ նվազագույն կենսապահովման զամբյուղը մեկ մարդու համար մոտ 120 հազար դրամ պետք է կազմի: Մյուս կողմից, տնտեսագետը կարեւորում է գործազրկության բարձր մակարդակը. «Թեեւ պաշտոնական վիճակագրությունը կեղծում է՝ ասելով, որ ունենք 7 տոկոսանոց գործազրկություն, այսօր, անկախ փորձագետների գնահատականով, 35-40 տոկոս է գործազրկությունը: Այս պարագայում մեկ զբաղվածն առնվազն 240 հազար դրամ պետք է ստանա, որ կարողանա իր չորս անձից բաղկացած ընտանիքի նվազագույն պարենային կարիքներն ապահովել»: