Ստեփան Սաֆարյան. Կառավարությունն ինքն իր գնահատականը տվեց

Ստեփան Սաֆարյան. Կառավարությունն ինքն իր գնահատականը տվեց
Եթե կառավարությունը մերժել է «Ժառանգության» առաջարկը՝ նվազագույն աշխատավարձը սահմանել 45 հազար դրամ, եւ դա համարում է անհնարին ներկայիս բյուջետային եկամուտների պարագայում, ապա պետք է ասել, որ կառավարությունը ինքն իր կարողությունների գնահատականն է տվել, որը ոչ թե կարողություն է, այլ անկարողություն: Եթե երկրի ղեկավարումն իրականացներ «Ժառանգությունը» կամ որեւէ այլ քաղաքական ուժ եւ իրականացներ այն քաղաքականությունը, որը կա նրա ծրագրերում, ՀՀ բյուջեն այսօր կունենար մեկ այլ եկամտային մաս, ծախսերի այլ բաշխվածություն, ստվերային տնտեսության օրեցօր կրճատվող ծավալներ, հարկեր/ՀՆԱ այլ հարաբերակցություն եւ այսպես շարունակ:



Բնականաբար, այդ պարագայում մենք չէինք առաջարկի 45 հազար դրամ, որովհետեւ իրականում դա էլ անբավարար չափ է նվազագույն աշխատավարձի համար: Կառաջարկեինք 100 հազար: Այլ կառավարում իրականացնելու դեպքում դա հնարավոր կլիներ ապահովել: Մենք առաջնորդվել ենք վիճակագրության ցուցանիշներով: Օրեր առաջ հայտարարվեց, որ նվազագույն սպառողական զամբյուղը 43,5 հազար դրամ է: Սա նշանակում է, որ մեկ շնչին նվազագույն առաջին անհրաժեշտության ապրանքներ ունենալու եւ նաեւ ծառայություններից օգտվելու համար հարկավոր է այդքան գումար:



Քանի որ այս իշխանությունը մեկ շնչին գոյատեւելու համար 43,5 հազար դրամ է նախատեսում, ապա նվազագույն աշխատավարձը չի կարող ավելի պակաս լինել, քան այդ գումարն է: Այլապես ի՞նչ է ստացվում: Սպառողական զամբյուղի մի մասը կազմող նվազագույն պարենային զամբյուղը կազմում է 27 հազար դրամ: Թվում է, թե կառավարության սահմանած շեմը՝ 32,5 հազար դրամը՝ որպես նվազագույն աշխատավարձ, պետք է բավարարի մարդուն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ ձեռք բերելու համար: Բայց ստացվում է, որ այդ մարդը լավագույն դեպքում կարող է ուղղակի ուտել, բայց չպետք է հոսանք օգտագործի, ջրից, գազից օգտվի, որովհետեւ նա ի վիճակի չէ կոմունալ ծախսերը վճարելու, քանի որ նվազագույն ամսական աշխատավարձը թույլ չի տալիս նվազագույն պարենային զամբյուղից ավելի ծախս կատարել:



Սա այն ակնհայտ հակասությունն է, որի մասին մենք խոսում ենք: Կառավարությունն իր մերժումով խոստովանում է, որ այն երկրում, որտեղ գնաճն ու մարդկանց սպառողական մակարդակն այսպիսին է, ինքն ի վիճակի չէ  սահմանել նվազագույն աշխատավարձի այնպիսի չափ, որը կբավարարեր մարդկանց մեկ շնչին՝ գոյություն պահպանելու համար, այդ թվում՝ պարենային ապրանքներից եւ ծառայություններից օգտվելու առումով: Ուշադրություն դարձնենք, որ նախորդ տարի նվազագույն աշխատավարձն ավելացվում էր 5 հազար դրամով, իսկ այս տարի՝ 2 հազար 500 դրամով: Սա ցույց է տալիս, որ տարին տարվա վրա կառավարության առաջարկած ավելացումները միանգամայն անհամաչափ են դառնում այն գնաճին, որը տեղի է ունենում երկրում:



Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ

«Ժառանգության» պատգամավոր