«Բարեկամության» արձանը` դիակի հանձնման ականատես

«Բարեկամության» արձանը` դիակի հանձնման ականատես
Երեկ հայ-ադրբեջանական շփման գոտու Իջեւան-Ղազախ սահմանագծում` Կայան ավանի մոտ, միջազգային Կարմիր խաչի աշխատակիցների ներկայությամբ տեղի ունեցավ փոխանակում: Հայկական կողմը հակառակորդին հանձնեց Էլդար Թաղիեւ քաղաքացիական անձին, որն անցած տարվա դեկտեմբերին Բերդի տարածաշրջանում ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը: Իսկ ադրբեջանական կողմը «մեծահոգաբար» հանձնեց սեպտեմբերին մոլորությամբ Ադրբեջանի սահմանը խախտած 20-ամյա հովիվ Մանվել Սարիբեկյանի դին:



Հիշեցնենք, որ Սարիբեկյանն անտառում մոլորվելով՝ գերի էր ընկել, եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրութուն, որ իբր նա դիվերսանտ է: Մանվել Սարիբեկյանը, ըստ նույն ադրբեջանական պաշտոնական շրջանակների, հոկտեմբերի 5-ին «ինքնասպանություն» էր գործել: Թե ինչպես կարող էր հակառակորդի բանտում ուժեղ հսկողության տակ գտնվող երիտասարդն ինքնասպանություն գործել, կամ արդյո՞ք դա ինքնասպանություն է` կպարզվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում, որ կատարվելու է Հայաստանում: Հատկանշական է, որ հայ երիտասարդի դին Կարմիր խաչին եւ հայ զինվորականներին հանձնվեց կոմունիստների օրոք տեղադրված հայ-ադրբեջանական «բարեկամությունը խորհրդանշող» արձանի մոտ:



Փոխանակումից հետո ՊՆ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը բժիշկ էր բերել, որպեսզի ստուգվի Թաղիեւի առողջական վիճակը: Բժիշկը հաստատել է, որ հայկական կողմը գերիին վերաբերվել է մարդասիրաբար: Թաղիեւն ինքն էլ դժգոհություն չի ունեցել: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն էլ ասաց, որ ՀՀ ՊՆ-ն կատարեց հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը:



Կարապետյանի խոսքով, ակնկալվում է, որ Ադրբեջանն էլ կդրսեւորի նույնքան վճռականություն եւ առաջիկայում մեզ կվերադարձնի Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող ՀՀ քաղաքացիներին: Իսկ Ադրբեջանում գերի են պահվում վեց զինծառայող եւ մեկ քաղաքացիական անձ: Ըստ Հայաստանի ՊՆ-ի, մեր երկրում ադրբեջանցի ռազմագերիներ չկան, իսկ ԼՂՀ-ում են գտնվում այդ երկրի սահմանը հատած երկու դիվերսանտներ, որոնց վերադարձնելու իրավասությունը պատկանում է ԼՂ իշխանություններին: Վերջիններս Կարմիր խաչի հետ բանակցություններ են վարում: