Ինչու է նահանջում Ֆլեշը

Ինչու է նահանջում Ֆլեշը
Հիմնականում Սերժ Սարգսյանի հետ մտերմության շնորհիվ օլիգարխ դարձած գործարար Բարսեղ Բերգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, հերթական անգամ հետաձգել է  մեծ քաղաքականությամբ զբաղվելու իր ծրագիրը: Ինչպես հայտնի է, Բարսեղ Բեգլարյանը զբաղվում է ոչ միայն բենզինի ներկրմամբ, ժամանակ առ ժամանակ՝ ԳԹԿ-ով, այլեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահն է, որը մասնաճյուղեր ունի Հայաստանի տարբեր մարզերում: Ամռանը հայտնի դարձավ, որ «Բարեպաշտ սերունդը» հանդես է եկել նոր՝ «Հանուն հայության հարատեւման շարժում» նախաձեռնությամբ:



Մամուլում գրվել էր, որ նոյեմբերի 6-ին Մարզահամերգային համալիրում անցկացվելու է «Հանուն հայության հարատեւման» խորագրով համաժողովը: Սակայն որքան էլ Բարսեղ Բեգլարյանը քաղաքական պրոյեկտների նկրտումներ ունի, զգուշավոր է եւ չի ցանկանում որեւէ կերպ վնասել իր բիզնեսին, ուստի շարժվում է բացառապես նախագահականի ուղենիշներով: Երեկ մենք զանգահարեցինք «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանին, վերջինս ասաց, որ համաժողով չի լինելու, նման բան չկա: Իշխանական աղբյուրներից մեզ հասած տեղեկություններով՝ «Հանուն հայության հարատեւման շարժման» համագումարի նախաձեռնությունը հետաձգվել է:



Փաստորեն, հայության բախտն էլի չբերեց, համայն հայության հարատեւման գործն առժամանակ առկախված է: Բարսեղ Բեգլարյանը կփոխանցի՞ սերունդներին հայության հարատեւման ազգանվեր գործը, թե՞ այնուամենայնիվ ինքը կիրականացնի, պարզ կդառնա մինչեւ տարեվերջ:



Այս նախաձեռնությունը պետք է դառնար Սերժ Սարգսյանի հերթական հենարանը եւ որոշակիորեն հակակշռեր ԲՀԿ-ին: Նշենք, որ Անկախության օրվա առթիվ «Հանուն հայության հարատեւման շարժումը» հանդես էր եկել կոչ-դիմումով: «Վստահ ենք, որ այլեւս չենք կարող ազգի ճակատագիրը կապել միայն կուսակցությունների հետ»,- ասվում էր այդպես էլ կուսակցություն չդարձած «Բարեպաշտ սերնդի» նախաձեռնած շարժման հայտարարության մեջ: Այնուհետեւ «Հանուն հայության հարատեւման շարժումն» իր հավանական հետնորդներին բացատրում էր, որ այժմ նոր մոտեցում է պետք «կոլեկտիվ մտածողությանը զարկ տալու» համար:



Ուստի Բարսեղ Բեգլարյանի հովանավորությամբ ստեղծված շարժումը կոչ էր անում բոլոր հայերին՝ միանալ իրենց, մաս կազմել շարժմանը, պատրաստ լինել համագործակցության եւ, որ ամենակարեւորն է՝ «մասնակից դառնալ կոլեկտիվ մտածողության միջոցառումներին»: Փաստորեն՝ Մարզահամերգային համալիրում նախատեսված «կոլեկտիվ մտածողության միջոցառումն» իրականություն չդարձավ: Նշենք, որ «Բարեպաշտ սերնդի» հիմնադիրներից է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Չորս տարի առաջ ստեղծված «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը գիտական-կրթական եւ այլ կարգի ծրագրերով աշխատում է ուսանողների եւ երիտասարդների հետ, որոնցով էլ փորձում էր քաղաքական կուսակցություն հիմնադրել՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին: Կուսակցության ծրագիրը նախագահականում չհաստատվեց, ուստի Բեգլարյանը ստիպված եղավ հանձն առնել հայության հարատեւման ազգանվեր ու դժվարին գործը: