Շենացրեք ձեր հողը

Շենացրեք ձեր հողը
Շատ հայաստանցիներ կստորագրեին Երեւանի նախկին քաղաքապետ, գեներալ Սուրեն Աբրահամյանի կոչի տակ՝ ղարաբաղցիներ, վերադարձեք Ղարաբաղ: Շենացրեք ձեր հողը, բնակեցրեք ազատագրված տարածքները, ներդրումներ արեք, բիզնես դրեք, երեխաներ ունեցեք: Եվ սա կուշտ երեւանցու մեծամիտ հրահանգ չէ, այլ երկրի ու նրա բնակիչների ճակատագրով մտահոգ մարդու խոսք: Ի՜նչ հպարտությամբ էին ղարաբաղցիները ցուցադրում իրենց Վանք գյուղն ու փառաբանում ղարաբաղյան ծագումով գործարար Լեւոն Հայրապետյանին, որը շրջագայում եւ ապրում է տարբեր երկրներում, սակայն շենացնում է հարազատ գյուղը՝ այստեղ կառուցված մանկապարտեզն ու գործարանը, գյուղապետարանն ու հանգստյան գոտին կզարդարեին եվրոպական ցանկացած երկրի փոքրիկ բնակավայր: Այս գյուղը ցուցադրող ղարաբաղցիները չէին թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Ղարաբաղը մոռացած ղարաբաղցիների, հատկապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որն «իր միլիոններից մի դրամի ներդրում չի արել Ղարաբաղում»: Եվ ճիշտ է ասում Սուրեն Աբրահամյանը. կարեւորը ղարաբաղյան խնդրի կարգավորման ձեւն ու եղանակը չէ, այլ այն, թե այդ եղանակներից որ մեկն է ավելի շատ նպաստելու Ղարաբաղի հողի վրա անվրդով ու խաղաղ, բարեկեցիկ ու ապահով կյանքին: Որ պարագայում է ղարաբաղցին վերադառնալու իր երկիրը, որ դեպքում է այնտեղ հեռանկար տեսնելու: Եթե «ամենահայանպաստ» լուծումը չի նպաստելու դրան, ապա հարկավոր է գտնել այլ լուծում: Եվ բանն այն չէ, որ մենք դժգոհ ենք Հայաստանում ղարաբաղցիների ներկայությունից, այլ այն, որ յուրաքանչյուր անձ պետք է ապրի այնտեղ, որտեղ նրան Աստված աշխարհ է բերել: Եվ դա պետք է անի ոչ թե պարտադրաբար, հայրենասիրությունից դրդված, այլ որովհետեւ այդպես ավելի հարմարավետ է ու հաճելի: