Առողջապահական կենտրոն 14 համայնքների համար

Առողջապահական կենտրոն 14 համայնքների համար
Բրիտանահայ բարերարներ տեր եւ տիկին Արմենակ եւ Աննա Թադեւոսյանների միջոցներով հունիսի վերջերից սկսած` ընթանում են Արագածոտնի մարզի Կոշ համայնքի հարեւանությամբ առողջապահական խոշոր կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները: Շինարարությունն իրականացնող «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի աշխղեկ Սուրիկ Կուրղինյանն ասաց, որ կենտրոնը շահագործման կհանձնվի 2011-ի սեպտեմբերին: Ներկայումս այստեղ աշխատում է 32 մարդ` ամսական 150-200 հազար դրամ աշխատավարձով:



Հունվարից կսկսվեն ներքին հարդարման աշխատանքները, ինչը հնարավորություն կընձեռի եւս 30 մարդու ներգրավել շինարարության մեջ: 1600 քմ մակերեսով առողջապահական կենտրոնը կառուցելուց հետո մեկենասներն այն կկահավորեն, կհագեցնեն գերժամանակակից բժշկական սարքավորումներով: Այն իր հնարավորություններով չի զիջի մայրաքաղաքի բարձրակարգ կլինիկաներին, եւ տարածաշրջանի 14 համայնքի բնակիչները հարկ չեն ունենա հետազոտվելու համար հասնել Աշտարակ կամ Երեւան:



Ի դեպ, առողջապահական կենտրոնն Արագածոտնի մարզում եւ հատկապես այս տարածաշրջանում հիմնելու նախաձեռնությունը պատկանում է նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Գաբրիել Գյոզալյանին: Կենտրոնի հովանավորները եւս դաշնակցականներ են:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ