Ադրբեջանում` ինչպես Հայաստանում

Ադրբեջանում` ինչպես Հայաստանում
Կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին, հարեւան Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները ադրբեջանական ընդդիմությունը  չճանաչեց: «Ադրբեջանի ազգային ճակատ-Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծվել են: «Ընտրությունների արդյունքները պետք է չեղյալ համարել ու պետք է անցկացվեն նոր ընտրություններ»,-ասել է ընդդիմադիր բլոկի առաջնորդը եւ սպառնացել, որ եթե պայքարը չշարունակվի օրենքի սահմաններում, իրենք կդիմեն դատարան:



Նա նաեւ  սպառնացել է իրականացնել բողոքի զանգվածային ակցիաներ: Չնայած ստեղծված իրավիճակին, միջազգային մի շարք կազմակերպությունների դիտորդական առաքելություններ ընտրությունների արդյունքները գնահատել են դրական, որոնց հասցեին լուրջ մեղադրանքներ է հնչեցրել  Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, նրանց մեղադրելով Ադրբեջանի իշխանությունների կամայականության նկատմամբ աչք փակելու մեջ: Ադրբեջանում այլեւս հնչում են «Կորչե՞ն ԵԱՀԿ-ն եւ Ադրբեջանը» բավանդակությամբ կոչեր:



Տեղեկացնենք, որ ըստ Ադրբեջանի ԿԸՀ տվյալների, հաղթող են ճանաչվել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուները: Քաղաքագետների կարծիքով՝ Ադրբեջանի ընդդիմության պարտությունը իշխանությունների  համակարգային ու գիտակցված քաղաքականության հետեւանքն է: «Ադրբեջանի քաղաքական համակարգն այնպիսին է, որ ընդդիմությանը հնարավորություն չպիտի տրվի թեկուզ դեկորատիվ դերակատարության հնարավորություն:



Դա նշանակում է նաեւ, որ ընդդիմության խորհրդային մոդելը ոչնչացվում է, եւ այլեւս Ադրբեջանում ծայր է առնելու իսլամական ընդդիմության գաղափարը եւ խորհրդային մոդելով գործող երկրի իշխանությունը մնալու է դեմ հանդիման իսլամական ընդդիմության եւ իսլամիստական հեռանկարի հետ, որն առավել անզիջում կլինի եւ իր ոգով առավել մոտ կլինի Բաքվի գլխավոր ռազմավարական գործընկերոջ, վարչապետ Էրդողանի՝ Թուրքիայում  իշխող կուսակցությանը»,-գրում է ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:



«Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին խիստ բացասական կարծիք են հայտնել ԵԱՀԿ-ն եւ եվրոպական պառլամենտը: Իսկ դրական կարծիք են հայտնել միայն ՎՈւԱՄ-ի ու ԱՊՀ-ի դիտորդական առաքելություններն ու ԵԽԽՎ-ի առաքելության ղեկավարը, որը հայտարարեց, որ ոչինչ չի լսել լուրջ խախտումների մասին: Սա սովորական, հետխորհրդային երկրի խայտառակ ընտրություններ էր, որը տեղի ունեցավ խախտումների համակարգված մեխանիզմների կիրառությամբ՝ ժողովրդի զանգվածային ահաբեկումներ, կարուսելներ, մարդկանց այսպես ասած՝ բերման ենթարկելով եւ այլն»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:



Նրա կարծիքով՝ այս մեխանիզմները կիրառվել են նաեւ Հայաստանում, այն տարբերությամբ, որ հաշվի են առնվել դրանց տեղայնացման խնդիրները: «Ադրբեջանում էլ են ոստիկանները իրենց խանգարող դիտորդներին դուրս արել տեղամասերից: Այնպես որ, ձեռագիրը նույնն է՝ վերջին տասը տարիների ընթացքում ձեւավորված, այսպես կոչված՝ «սուվերեն դեմոկրատիայի» համակարգն է, որը Մոսկվայից սահուն անցում կատարեց դեպի հետխորհրդային երկրներ, մի քանի միջազգային կառույցների եւ առանձին դեմքերի ցինիկ թողտվությամբ, եւ ինչպես տեսնում եք, առայժմ այս համակարգը մեր երկրներում ծաղկում եւ բարգավաճում է»,-նշում է Ռուբեն Մեհրաբյանը:



Մեր հարցին, թե ի՞նչ միտումներ են նկատվում կամ ի՞նչ քաղաքական խնդիրների լուծումներ են պահանջվում Այսրկովկասի հետխորհրդային երկրներում այս իրավիճակը հաղթահարելու համար, փորձագետը պատասխանեց. «Առաջին հերթին պետք է իշխանության ձեռքից վերցնել լրատվամիջոցների ու հատկապես հեռուստալրատվության մենաշնորհը, որովհետեւ դա իրենց գլխավոր զենքն է: Ցանկացած իշխանության դրսեւորած հիմարություն պետք է հանրությունը կարողանա վիճարկել ու հայտնել հակառակ կարծիքը, որը հնարավոր է միայն անկախ, հանրային լրատվամիջոցների առկայության պայմաններում: Իսկ եթե դա հնարավոր դառնա, ու հանրությունը սկսի մտածել, հնարավոր կդառնան նաեւ նույն կաղապարից դուրս թռած ռեժիմները թուլացնելու միտումները: Դրանից  են սարսափում բոլոր իշխանությունները թե Կրեմլում, թե Բաքվում, թե Բաղրամյան 26-ում»: Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, նման հասարակարգերում շատ անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության դերակատարությունը:



«Քաղաքացիական հասարակությունն ի վերջո պետք է սովորի ինքնակազմակերպվել: Ոչ թե փրկիչներ որոնել կամ հույսը դնել ուրիշների վրա, այլ ինքնակազմակերպվել»,- կարծում է փորձագետը: Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, խայտառակ ընտրություններից հետո ձեւավորված քաղաքական դաշտը Ադրբեջանում եւ Հայաստանում, այնուամենայնիվ, տարբեր գործընթացներ կարող է գրանցել: Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանում ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացման հարցը կարող է դժվարանալ, որովհետեւ, ի տարբերություն Հայաստանի, որի իշխանությունները չունեն բավարար նյութական ռեսուրսներ ժողովրդին գայթակղելու ու նրանց ձայնը վերջնականապես կտրելու համար, Ադրբեջանում շատ ուժեղ գործոն են նավթադոլարները:



«Նավթային դոլարները Ադրբեջանի իշխանության ձեռքին ժողովրդին սանձելու լուրջ լծակ են, այնպես, ինչպես Ռուսաստանում, եւ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Ադրբեջանում ընդդիմադիր տրամադրությունները նյութականացնելու եւ ինստիտուցիոնալացնելու գործը բարդանում է»,- վստահեցնում է փորձագետը: Ինչ վերաբերում է իսլամիստական շարժման միտումներին, որը որոշ ռուս քաղաքագետների կարծիքով վերջին ընտրությունների արգասիքը կարող է լինել, Ռուբեն Մեհրաբյանը այն համարում է հնարավոր:



«Ադրբեջանում քաղաքական տրամադրությունները ձեւավորվում են պատերազմի արդյունքներով: Նրանք տարածքների պահանջ ունեն, եւ օրինաչափ է համարվում ընդդիմության շատ գործիչների ազգայնական ներկայանալը: Եթե նրանք անգամ այդպիսին էլ չեն, քանի որ ազգայնական հարցը ժողովրդի շրջանում խրախուսվում է, հարկադրված են ներկայանալ այդպիսին, որովհետեւ դա նրանց  քաղաքական դիվիդենտներ է բերում»,-կարծում է Ռուբեն Մեհրաբյանը: