Մեքենան շրջվել է

Մեքենան շրջվել է
Նոյեմբերի 6-ին, ժամը 16։45-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի սկզբնամասում։ «Գազ 24» մակնիշի 14 UO 193 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել։ Մեքենայում եղել են հայր ու որդի։ Փրկարարների օգնությամբ մեքենայից դուրս է բերվել վարորդը՝ Սարատովկա համայնքի բնակիչ, 1990 թվականին ծնված Աշոտ Նազարյանը, եւ ուղեւորը՝ նույն համայնքի բնակիչ, 1964 թվականին ծնված Հմայակ Նազարյանը։



Դեպքի վայր ժամանած շտապ բուժօգնության մեքենայով 20-ամյա վարորդին անմիջապես տեղափոխել են Ստեփանավան քաղաքի հիվանդանոց, իսկ հայրը՝ Հմայակ Նազարյանը, ստացել է թեթեւ քերծվածքներ։ Ինչպես տեղեկացանք Ստեփանավանի հիվանդանոցից, տուժածը ստացել է ողնաշարի կոտրվածք, եւ վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Նրանց  պնդմամբ՝ Աշոտ Նազարյանի կյանքին  վտանգ չի սպառնում։