Այսպես շարունակվի` կդառնա «մահվան խաչմերուկ»

Այսպես շարունակվի` կդառնա «մահվան խաչմերուկ»
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի 13-րդ կմ հատվածում: Այստեղ խաչմերուկ է, որտեղ գլխավոր ճանապարհին միանում է նաեւ Բերդ տանող ճանապարհը: Իրար են բախվել 16 ՏՕ 190 պետհամարանիշով «ՎԱԶ-2106» եւ 22 ՕՕ 439 պետհամարանիշով «Տոյոտա» մեքենաները: Երկուսն էլ եղել են ընթացքի մեջ: Հարվածի ուժից «Տոյոտան» շրջվել է, իսկ «ՎԱԶ» մեքենայի առաջամասն ամբողջությամբ ջարդվել: Բարեբախտաբար զոհեր չեն եղել, միայն վարորդներից մեկը ջարդվածք է ստացել:



Ճանապարհային ոստիկանության ավագ լեյտենանտ Համբարձում Չոբանյանը տեղեկացրեց, որ «Տոյոտան» երթեւեկելիս է եղել Բերդից Իջեւան, իսկ «ՎԱԶ»-ը` Իջեւանից Նոյեմբերյան: Թե որ մեկն է խախտել ճանապարհատրանսպորտային կանոնները, պարզ կդառնա վարորդների բացատրությունից եւ փորձագիտական եզրակացությունից: «Ըստ օրենքի` երկրորդական ճանապարհով ընթացող մեքենայի վարորդը պետք է զիջի գլխավորին,-ասաց Հ. Չոբանյանը:-Այստեղ գլխավորը Իջեւան-Նոյեմբերյան մայրուղին է: Խաչմերուկը բարդ է համարվում, եւ վթարներ այստեղ շատ են լինում»:



Իրոք, խաչմերուկը վտանգավոր է: Չնայած եթե նախկինում տարիներ շարունակ տեսադաշտը փակ էր դեռ խորհրդային տարիներին տնկած ծառերի պատճառով, ապա մոտ երկու տարի առաջ դրանք կտրել են, եւ այսօր վարորդները կողմնորոշվելու հնարավորություն ունեն: Հարց է, թե որքանով են օգտվում դրանից: Նշենք, որ վերջին 1-2 տարիներին այս հատման կետում երկու-երեք մահ է արձանագրվել: Հիմնական պատճառը կամ վարորդների` երթեւեկության կանոնները չիմանալն է, կամ դրանք չպահպանելն ու անուշադրությունը:



Երբ բաց էր հայ-ադրբեջանական սահմանը, այսօրվա Իջեւան-Բերդ ճանապարհը համարվում էր գլխավորը, որովհետեւ միջպետական էր` տանում էր դեպի Թբիլիսի եւ Բաքու: Մեր օրերում շատ վարորդներ, փաստորեն, շարունակում են մեքենան վարել նախկին կանոններով եւ շփոթում են երկրորդական ճանապարհը գլխավորի հետ: Սա այս խաչմերուկում գրանցվող ավտովթարների գլխավոր պատճառներից է: Եվս մեկ ուշադրության արժանի փաստ` այս դեպքում, որը կարծես ընդհանուր է դարձել: Երկրորդական ճանապարհով ընթացողը տվյալ դեպքում «ինոմարկա» է, որը, ըստ մեր նախնական տպավորության, ճանապարհը չի զիջել թեեւ գլխավորով երթեւեկող, բայց հնամաշ «ժիգուլիին»: Սովորական երեւույթ հայաստանյան ճանապարհներին: