Առաջընթացի իմիտացիա դիակների փոխանակման միջոցով

Առաջընթացի իմիտացիա դիակների փոխանակման միջոցով
Հանգստյան օրերին հայկական ԶԼՄ-ների քննարկման թոփ թեման հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ դիակների վերադարձն էր: Նոյեմբերի 6-ին Արցախի իշխանությունները վերադարձրել են Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի դիակները: Սրանցից առաջինը հունիսի 18-ին Չայլուի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված ադրբեջանցի զինծառայողն է (հայկական կողմը 4 զոհ, 4 վիրավոր էր տվել, վիրավորներից մեկն առայսօր կոմայի մեջ է), մյուսը սեպտեմբերի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2 կմ արեւելք) ծավալած դիվերսիոն գործողության հեղինակն է:



Ադրբեջանական կողմը ղարաբաղյան կողմին է հանձնել ԼՂՀ քաղաքացի, Մատաղիս գյուղի 86-ամյա բնակիչ, քաղաքացիական անձ Գավրուշ Խաչատուրի Առստամյանի դիակը: Գործողությունը տեղի է ունեցել Աղդամի ուղղությամբ Բաշ Քարվենդ գյուղի մերձակայքում, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ: Ադրբեջանական ու հայկական կողմերը վերջին օրերին մի անգամ էլ են «բարի կամք» դրսեւորել:



Նոյեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին էր հանձնել Հայաստանի քաղաքացի, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի աճյունը, որը գերեվարվել ու սպանվել էր Ադրբեջանում, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Էլդար Թաղիեւին՝ ողջ-առողջ: Նա մոտ 10 ամիս առաջ ապօրինաբար հատել էր Հայաստանի սահմանը: Ադրբեջանում դեռ շարունակվում են պահվել 6 հայ զինվորականներ եւ մեկ ընտանիք (ընտանիքը բաղկացած է 5 անձից), իսկ Հայաստանում՝ ադրբեջանցի երկու դիվերսանտ, որոնք հատել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գիծը:



Իհարկե, կատարված քայլերը կարեւոր են, սակայն հակամարտող երկրների համար Ժնեւյան կոնվենցիայի դրույթների կատարումը արտառոց երեւույթ չպետք է հանդիսանա, որովհետեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների աստրախանյան հանդիպումից դեռ շատ առաջ են գրվել: Հիշեցնենք, որ այդ հանդիպման մեխը համարվեցին հումանիտար ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը իշխանական քարոզչամեքենան դիտարկեց որպես լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում:



Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «բանակցային գործընթաց» ասվածը ոչ միայն փակուղում է, այլեւ վերադարձել ենք այն ժամանակները, երբ դիակներ փոխանակելն իսկապես առաջընթաց էր համարվում: «Ոչ մի առաջընթաց չկա, Կարմիր խաչը մշտապես այդ հարցերով զբաղվել է եւ կշարունակի զբաղվել: Կողմերը չեն կարողանում լեզու գտնել: Մեկը խոսում է տարածքային ամբողջականության, մյուսը՝ ինքնորոշման իրավունքի մասին, այնպես որ, շփման եզրեր չկան»,-այս առնչությամբ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):



Արցախի հերոսը գտնում է, որ ամենակարեւորն  այն է, որ հայոց բանակն ու Արցախի ժողովուրդը պատրաստ են պաշտպանելու մեր հողերը, որովհետեւ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը՝ կապված դաշտային առաքելության հետ, ըստ Արկադի Տեր-Թադեւոսյանի, ցույց է տալիս, որ համանախագահող երկրները դեմ չեն, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, բայց Ադրբեջանը դա չի անում, որովհետեւ պատրաստ չէ: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին ընդհանրապես, Արկադի Տեր-Թադեւոսյանի խոսքով, այն ոչ այս կողմ է, ոչ այն: «Մենք տեսնում ենք, որ հանդիպումներ են տեղի ունենում, բայց առաջընթաց չկա:



Ոչ լավ է, ոչ վատ, ուղղակի բանակցային գործընթաց է: Չպետք է տպավորություն ստեղծվի, թե ինչ-որ բանի բարելավում է նկատվում: Բարելավում չկա, ինչպես կար, այնպես էլ մնացել է»,-ասաց գեներալ-մայորը եւ հավելեց, որ դրա պատճառը 90-ականներին վարված քաղաքականությունն է: «90-ականներին մենք այն գործն ենք արել, որից հետո չենք կարողանում ուշքի գալ: 90-ականներին նրանք մեզ խնդրում էին զորքերը դուրս բերել, իսկ մենք ոչ միայն խաղաղություն տվեցինք, այլեւ մեր զորքերը դուրս բերեցինք եւ 1994 թվականի մայիսին կնքեցինք այդ խայտառակ պայմանագիրը»: Խոսքը հրադադարի պայմանավորվածության մասին է: