Կարապետ Ռուբինյան. Ռեժիմները նույնն են

Այն տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք, ցույց է տալիս, որ ընտրակեղծիքների նույն զինանոցն է օգտագործվում՝ գրեթե մեկին մեկ: Որքան ես հասկանում եմ, այս ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ քիչ լարվածություն կար, քանի որ նախագահական ընտրություններ չէին: Երկրորդ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում շատ ավելի թույլ ընդդիմություն գոյություն ունի, եթե ընդհանրապես ընդունում ենք, որ գոյություն ունի, որովհետեւ դրանք ըստ էության փոքրիկ խմբեր են: Նրանց կարելի է դիսիդենտներ անվանել: Այդ հանգամանքն է, որ ընդհանրապես որոշում է խախտումների շեմը:
Եթե Ադրբեջանում շատ ավելի հզոր ընդդիմություն լիներ, ապա շատ ավելի մեծ եւ աղաղակող խախտումներ էին լինելու, որովհետեւ ռեժիմները եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում նույնաբնույթ են՝ նույն նիստուկացով, նույն ադաթներով, եւ հենց որ իրական վտանգ են զգում, չեն կանգնում որեւէ հանցագործություն կատարելու պատնեշի առջեւ: Նրանց համար բարոյական արգելքներ չկան: Որքան ես հասկանում եմ, Ադրբեջանում, այսպես ասած, դասական խախտումներով իրականացված ընտրություններ էին, որովհետեւ իրականում դա ընտրություն չի կարելի համարել, որովհետեւ երկրում չկա ժողովրդավարություն: Խախտումների համեմատաբար ցածր մակարդակը, այն, որ արտառոց դեպքեր կամ զոհեր չեն արձանագրվել, պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը ջախջախված վիճակում է եւ պարզապես դրա կարիքը չի եղել:
Կարապետ ՌՈւԲԻՆՅԱՆ
ՀԱԿ անդամ
Կարծիքներ