Ծառայում են իշխանություններին

Ծառայում են իշխանություններին
Երեկ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ՄԻՊ Արմեն Հարությունյանին եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: Անկեղծ ասած, այդ հատվածը ես ծափերով եմ կարդացել: Վաղուց էի մտածում այդ մասին գրել, քանզի մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում այս երկուսի մատուցած «ծառայություններն» անգնահատելի են, ինչպես աննկարագրելի է այս երկուսի՝ Հայաստանի անկախ հանրապետության պատմության մեջ խաղացած դերակատարումը: Եվ խնդիրը բոլորովին էլ քաղբանտարկյալները չեն եւ նրանց հարցում վերջիններիս դիրքորոշումը, այլ այն, որ մասնագիտությամբ իրավաբան, արտաքուստ մտավորական այս երկուսն իրենց գիտելիքները ծառայեցրել են հետադիմությանը, ապօրինություններն ու հանցագործությունները կոծկելուն, օրենքներն ու իրավունքը ոչ թե ի պաշտպանություն մարդու, այլ ընդդեմ մարդու կիրառելուն: Հայտնի բան է՝ երբ խելացի ու գրագետ մարդն իր խելքն ու գրագիտությունը բացասական ուղղությամբ է կիրառում, դրա հետեւանքներն ավելի վտանգավոր են լինում: Սակայն մի բանում ես համաձայն չեմ Տեր-Պետրոսյանի հետ՝ Դավիթ Հարությունյանին ու Արմեն Հարությունյանին չի կարելի դնել մի հարթության մեջ: Եթե Դավիթ Հարությունյանը պետական պաշտոնյա է եղել, թեկուզ ընտրովի մարմնի ներկայացուցիչ, եւ ըստ այդմ՝ ծառայել է «պետությանը», ապա Արմեն Հարությունյանը պետական չինովնիկ չէ: Նրա պաշտոնն ու կոչումը հենց մարդուն եւ մարդու իրավունքներին ծառայելը պետք է լինեին, եւ նա կրկնակի է դավաճանել այս կոչումին: Ողջ տարին արտասահմաններում ֆռռացող, միջազգային կառույցներին ֆռռացնող, պետության եւ հասարակության փողերն ուտող օմբուդսմենը մեր հասարակության համար իրական չարիք է, որին ոչ մի արդարացում չկա: