Բաց նամակ 2` «02»-ին

Բաց նամակ 2` «02»-ին
2010թ. հոկտեմբերի 12-ին «Հրապարակ» օրաթերթի միջոցով մենք բաց նամակ էինք հղել ՀՀ նախագահին: 2010թ. հոկտեմբերի 22-ին «02» ՀՀ ոստիկանության շաբաթաթերթը պատասխանել էր մեր նամակին` տալով «Անհրաժեշտ պարզաբանում»: Պարզաբանման համար գրեթե ամբողջությամբ հիմք էին ընդունվել նախաքննության մարմնի տված այն տեղեկությունները, որոնց հիման վրա Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչը կարճել էր մեր բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը:



Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պարզաբանում տված մամուլը պաշտոնական մամուլ է, ապա պետք է, որ այն լիներ ստույգ, հավաստի եւ ճիշտ: Սակայն նշենք, որ «Անհրաժեշտ պարզաբանում»-ը ստույգ չէ, հավաստի չէ եւ ճիշտ չէ: Այն նաեւ թերի է:



Որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, տեղեկացնենք, որ մեր բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումը մենք բողոքարկել էինք, եւ մեր բողոքը բավարարվել է: «Պարզաբանման» մեջ նշվել է, որ բողոքը չի բավարարվել. դա սխալ տեղեկույթի տարածում է «02»-ի կողմից:



2010թ. մարտի 26-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշմամբ բավարարել էր մեր բողոքը եւ գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի քննությանը, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2010թ. հոկտեմբերի 11-ին բողոքը բավարարել է եւ որոշել. «Վարույթն իրականացնող մարմնին` Կոտայքի մարզի քննչական բաժանմունքին, պարտավորեցնել վերացնելու դիմող Արմեն Սաշայի Հովհաննիսյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը: Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում»: «Պարզաբանման» մյուս անճշտություններին եւ սխալներին հարկ չենք համարում անդրադառնալ, նշվածն արդեն իսկ խոսուն եւ բավարար է «Անհրաժեշտ պարզաբանում»-ը մերկացնելու համար:



ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման իրավաբանական նշանակությանը կամ հետեւանքներին չենք անդրադառնում. դա պատկան մարմինների պարտականությունն է, սակայն չենք կարող չանդրադառնալ նրան, որ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պաշտոնաթերթն իր էջերում զետեղում է նյութ, որի վերաբերյալ չունի հավաստի տեղեկություններ եւ մոլորեցնում է իր ընթերցողներին: Մեր բաց նամակի մեջ մեր զարմանքն ու վրդովմունքն էինք հայտնել իրավապահ մարմինների աշխատանքի վերաբերյալ: «Պարզաբանման» տպագրությունից հետո այլեւս որեւէ զարմանք չունենք. Հայաստանում ընդունված եւ սովորական երեւույթ է այլեւս պաշտոնական մարմինների կողմից սխալ տեղեկությունների տարածումը:



ՀԳ - Իրեն եւ իր ընթերցողին հարգող յուրաքանչյուր մամուլ իր տարածած ապատեղեկատվության վերաբերյալ կձեռնարկեր համապատասխան քայլեր: Մենք ոչինչ չենք ակնարկում... հետեւությունները թողնում ենք «02»-ի հայեցողությանը:



Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հռիփսիմե ԱՎԱԼՅԱՆ

ԱՄՆ-Հայաստան